ԱՄՆ-ում գազի գնի անկումը և, որպես հետևանք, ընկերությունների ծախսերի նվազումը երկրի տնտեսությանը կօգնեն ավելացնել արտադրությունը և մինչև 2020 թվականը 2,5-5 մլն աշխատատեղ ստեղծել: Այս մասին հայտնի է դառնում Boston Consulting Group, BCG-ի հետազոտությունից:
BCG-ն նշում է, որ մոտ ապագայում գազի թերթաքարի շնորհիվ վառելանյութի արժեքն ԱՄՆ-ում 50-70 տոկոսով ցածր կլինի, քան Եվրոպայում կամ Ճապոնիայում: Այս տարվա ապրիլին Ամերիկայում գազի գինը հասել է 1000 խորանարդ մետրի համար 71 դոլարից մի քիչ ավելի: Դրանից հետո վառելանյութի գինը սկսեց բարձրանալ: Ըստ տարբեր կանխատեսումների` ԱՄՆ-ում գազի գինը կարող է հասնել 1000 կուբամետրի համար 120-140 դոլարի:
Բացի էժան էներգառեսուրսներից` արտադրության ծավալի ավելացմանը կնպաստի աշխատուժի վրա ծախսվող գումարի փոքրանալը: BCG-ի կանխատեսմամբ` ԱՄՆ-ում այս ծախսերը ոչ հեռու ապագայում 20-45 տոկոսով պակաս կլինեն, քան այլ զարգացած տնտեսություններինն է:
Փորձագետների կարծիքով` մինչև 2015 թվականը ԱՄՆ-ում արտադրական ծախսերը 8 տոկոսով ավելի պակաս կլինեն, քան Մեծ Բրիտանիայում, 15 տոկոսով` Գերմանիայում և Ֆրանսիայում, 21 տոկոսով` Ճապոնիայում և 23 տոկոսով` Իտալիայում: BCG-ի գնահատմամբ` մինչև 2020 թվականը ԱՄՆ-ը կկարողանա 4 խոշորագույն եվրոպական պետություններից վերցնել արտահանման շուկայի 2-4 տոկոսը, իսկ Ճապոնիայից` 3-7 տոկոսը: Դա պետությանը տարեկան կբերի լրացուցիչ 90 մլրդ դոլար:









































