Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը թողարկելու է Էմմի Ուայնհաուսի ձայնագրությունների ժողովածուն CD և DVD կրիչների վրա: Չորս սկավառակից բաղկացած հավաքածուն, որ կոչվում է Amy Winehouse At The BBC, լույս է տեսնելու նոյեմբերի 12-ին:
Առաջին սկավառակը կազմել է BBC-ի Later հաղորդաշարի հաղորդավար և երաժիշտ Ջուլզ Հոլանդը: Նրանում ընդգրկված են երգչուհու տասը համերգային կատարումները, որոշներում նրան նվագակցում է հաղորդավարն անձամբ:
Երկրորդ սկավառակում ընդգրկված են երգչուհու 2004-2009թթ. BBC ռադիոկայանում ձայնագրած 14 երգ: Երրորդն ամբողջությամբ ներառում է Ուայնհաուսի լոնդոնյան համերգը, որը ձայնագրել է հեռուստառադիոկայանը: Իսկ ինչ վերաբերում է չորրորդին, ապա նրանում փաստագրական ֆիլմ է Amy Winehouse – The Day She Came to Dingle անվանմամբ, որում ընդգրկված են երգչուհու եզակի հարցազրույցները և ելույթները:
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 23-ին Էմմի Ուայնհաուսին մահացած էին գտել իր լոնդոնյան տանը: Նա մահացել է 27 տարեկան հասակում:










































