Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ և Չմիավորման շարժման կազմակերպության գործող ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը վաղը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու համար ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին:
Պլանավորված է, որ այդ այցի ընթացքում Ահմադինեժադը ելույթ է ունենալու ՄԱԿ ԳԱ նիստում, ինչպես նաև հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այդ մեկշաբաթյա այցի ընթացքում նախատեսված են նաև Ահմադինեժադի հետ համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների հարցազրույցներ, որոնցում շոշափվելու են Իրանին առնչվող մի շարք միջազգային իրադարձություններ:
Իրանի նախագահը նաև հանդիպումներ է ունենալու ամերիկյան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նաև ամերիկյան համալսարանների ուսանողների ու դասախոսների, ամերիկյան կրոնական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ահմադինեժադը մտադիր է ԱՄՆ-ում մի շարք բանակցություններ վարել որպես Չմիավորման շարժման կազմակերպության գործող ղեկավար: