Չելյաբինսկի մարզում աճուրդով վաճառվել է նախկին սովխոզը՝ իր ֆերմաներով, ջերմոցներով, կաթսայատնով, թանգարանով, մատուռով, անասուններով, գյուղտեխնիկայով: Նարովչատկա գյուղի նոր տերը՝ հայ գործարար Սեյրան Վարագյանը, բնակիչներին արդեն դուրս է հանում տներից: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
НТВ-ի փոխանցմամբ՝ սովխոզը մասնավոր անձի է վաճառվել սնանկացումից հետո: Վաճառվել են նաև գերատեսչությանը պատկանող տները՝ 117 բնակիչներով: Սովխոզի տնօրենը ժամանակին հրաժարվել է աշխատակիցների հետ սոցիալական վարձակալության պայմանագիր կնքել, այդ իսկ պատճառով մարդիկ չեն կարողացել սեփականաշնորհել կացարանները, որոնք իրենք են կառուցել:
«Սովխոզի վաճառքից հետո մարդիկ մնացել են առանց բնակարանային իրավունքի: Տնտեսության ողջ շարժական և անշարժ գույքը վաճառվել է 16,5 մլն ռուբլիով:
Գյուղի բնակիչները Նարովչատկայի նոր սեփականատիրոջ մասին իմացել են այն ժամանակ, երբ նա պահանջել է ազատել բնակելի շինությունները:
Մանկավարժ Մարինա Սվետովեցը նրա հետ բանակցություններից հետո կոտրված ձեռքով հիվանդանոցում է հայտնվել: Հեռուստալրագրողների առջև Վարագյանը դժգոհել է խնդիրներից և պատրաստակամություն հայտնել ընդառաջ գնալ բնակիչներին՝ առաջարկելով նրանց գնել կացարանները շուկայական գներով: Այդ ավանի շուկայական արժեքը 850 հազար ռուբլի է:
Ովքեր կարող էին, արդեն հեռացել են բնակավայրից: Միայն սակավաթիվ ընտանիքներ են մնացել:
Ներկայումս գործով զբաղվում է դատախազությունը: Աջակցություն ակնկալող բնակիչների փոխարեն, մարզային պաշտոնյաներն ու դատավորները կանգնել են գործարարի կողքին:







































