Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստների ամենամյա վարկանշային աղյուսակը: «Ոսկե ցուցակը» հերթական անգամ գլխավորում է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, որը հայտնի է ոչ միայն իր հարստությամբ, այլ բարեգործությամբ: Առաջատար դիրքերում փոփոխություններ գրեթե չեն եղել:
Աղյուսակի երկրորդ կեսում բազմաթիվ նորաթուխ միլիարդատերեր կան: 400 ամենահարուստների ցուցակում առաջին անգամ ընդգրկվածների շարքում են Apple-ի հանգուցյալ հիմնադրի հետնորդները, տիեզերական ոլորտի ձեռնարկատեր Էլոն Մասկն ու Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին: Այս մասին հայտնում է Forbes.ru-ն:
Վարկանշային աղյուսակում ընդգրկված սկսնակները ներկայացնում են տարբեր ոլորտներ և միլիարդների հասնող կարողության կուտակման տարբեր ուղիներ: Այսպիսով՝ Սթիվ Ջոբսի այրին՝ 2011-ի հոկտեմբերի 5-ին ամուսնու մահից հետո ակնթարթորեն վերածվել է Սիլիկոնե հովտի ամենահարուստ կնոջ: Նշենք, որ Սթիվ Ջոբսը Walt Disney-ի խոշոր բաժնետեր է, նրան են պատկանում ընկերության բաժնետոմսերի 7,7%-ը: Այդ փաթեթը գնահատվում է 6,9 մրդ դոլար, կրկնակի թանկ իր սեփական ընկերությունում ունեցած բաժնետոմսերի արժեքից:
Իսկ ծագումով ՀԱՀ-ից Էլոն Մասկը անցած տարի իսկական աստղի վերածվեց՝ պատմության մեջ առաջին անգամ դեպի Միջազգային տիեզերակայան տիեզերանավի բարեհաջող արձակմամբ: Նրա հիմնադրած SpaceX ընկերությունը հեղաշրջում իրականացրեց տիեզերական ոլորտում՝ կոտրելով տիեզերանավերի արձակման պետության մենաշնորհը: Այդ փաստը աննկատ չմնաց ներդրողների կողմից: SpaceX-ի կապիտալիզացիան կրկնակի մեծացավ: Ընկերության արժեքի պահպանողական գնահատականը 2,4 մլրդ դոլար է:
Սկսնակների շարքում աչքի է ընկնում նաև Ջեք Դորսին: Forbes-ի աղյուսակում նա հայտնվել է ոչ թե իր հայտնի նախագծի՝ Twitter միկրոբլոգների ցանցի շնորհիվ, այլ բջջային վճարումներ Square ծառայության: 2009-ին հիմնադրված ընկերությունը այժմ գնահատվում է 3,25 մլրդ դոլար:
Ինչպես նշում է հրատարակությունը, այդ մարդիկ դեռևս անցումային դիրքերում են:









































