Ավելի քան 220 Apple iPhone 5 սմարթֆոն է գողացվել Ճապոնիայում պաշտոնական վաճառքի հենց առաջին օրը: Այս մասին այսօր տեղեկացնում է Կիոդո գործակալությունը:
Ճապոնիայում խանութների ու առևտրային կենտրոնների բացումից մի քանի ժամ անց մուտքի դռների մոտ խմբվել էին սմարթֆոնների նորագույն մոդելը ձեռք բերել ցանկացողները:
Այն ժամանակ, երբ օրինապահ գնորդները խանութների մոտ հանգիստ կանգնած սպասում էին հերթում, կային մարդիկ, ովքեր չցանկանալով սպասել հեռախոսը ապառիկ ձևակերպելուն ու ամենամսյա վճարումներ կատարելուն, որոշել էին պարզապես գողանալ նորույթը:
Նախնական տվյալների համաձայն՝ միայն Օսակա պրեֆեկտուրայում առևտրային 3 կետերից անհետացել է ավելի քան 130 հեռախոս: Ավելի քան 30 սմարթֆոն է գողացվել Կոբե քաղաքում:
Apple-ի նոր մոդելի շնորհանդեսը տեղի է ունեցել անցած շաբաթ:
Այսօր սկսվել է iPhone 5 սմարթֆոնների պաշտոնական վաճառքը ԱՄՆ-ում, Ավստրալիայոմ, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում ու Հոնգկոնգում:









































