Այսօր քաղաքական և ընտրական գործընթացների մասնագետ Արմեն Բադալյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կոալիցիոն հուշագրին, ասաց, որ ուղղակիորեն տուժեց ԲՀԿ-ն, իսկ անուղղակիորեն՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, միակ շահողը ՀԱԿ-ն էր: Բադալյանը չանդրադարձավ «Ժառանգությանը» և ՕԵԿ-ին՝ ասելով, թե վերջիններս կուսակցություններ չեն: Նրա բնութագրմամբ՝ «Ժառանգություն» կուսակցություն գոյություն չունի,այլ գոյություն ունի խմբակցություն, որից միայն 4 հոգին են լավ աշխատում, ՕԵԿ-ն էլ, ըստ Բադալյանի, 2008 թվականից հետո դադարեց գոյություն ունենալուց:
Վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, չհամաձայնելով նրա հետ, ասաց, որ, իր գնահատմամբ, առաջիկայում «Ժառանգության» կրիտիկական զանգվածն ավելանալու է, քանզի վերջինս գործում է նոր սկզբունքներով, և ինքն է գնում այնտեղ, որտեղ կան «պրոտեստային» կղզյակներ:
Բադալյանն էլ հավելեց, թե, իր կանխատեսմամբ, ինչքան մոտենում ենք ընտրություներին, այնքան դաշտը դառնում է սև և սպիտակ, դաշտում մնում են ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը: