Երեկ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների` Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի գործով վճռի Վերաքննիչ բողոքը կքննարկվի սեպտեմբերի 28- ին, ժամը 12-ին:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ինչպես կանխատեսվում էր ավելի վաղ, մեծ աղմուկ հանած գործերով դատավարությունները նշանակվելու են միաժամանակ կամ իրար հետևից, որ շեղեն հասարակական տարբեր շարժումների ու խմբերի ուշադրությունը և մասնատեն դրանք: Եվ ահա, հաջորդ շաբաթ տեղի է ունենալու միանգամից վեց աղմկոտ դատավարություն: Սեպտեմբերի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` ժամը 15.00-ին տեղի է ունենալու «Հարսնաքարի» գործով դատավարությունը, հաջորդ օրը` սեպտեմբերի 25-ին` ժամը 12.00-ին նույն դատարանում մեկնարկելու է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈԻ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նույն օրը նույն ժամին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է 2004-ին Բուդապեշտում կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբոր` Վահրամ Մարգարյանի դատավարությունը, իսկ ժամը 15.00-ին նույն դատարանում մեկնարկելու է «Բանդայի» գործով դատը: Սեպտեմբերի 28-ին էլ` ժամը 10.00-ին Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Փուչիկների» գործով դատը, իսկ ժամը 12.00-ին, ինչպես արդեն հայտնեցինք` Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների գործով վերաքննիչ նիստը: