Ռուսաստանի արտգործնախարարությունը հնարավոր չի համարում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի գործունեությունը մինչև 2013թ. մայիս երկարաձգելը: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խնդրել էր մինչև 2013թ. մայիս երկարացնել USAID-ի (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն) աշխատանքները Ռուսաստանում:
«Մենք շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ որոշումը կայացվել է և այն պետք է իրականացվի լիարժեք կերպով»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կազմակերպության աշխատանքների բնույթը միշտ չէ, որ համապատասխանել է հայտարարված նպատակներին: Դրանում ասվում է, որ դրամաշնորհների միջոցով ISAID-ը փորձում է ազդել քաղաքական գործընթացների և հասարակության քաղաքացիական ինստիտուտների վրա:
USAID-ի աշխատանքների դադարեցման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 18-ին: Հաղորդվում էր, որ գործակալությունը պետք է փակվի 2012թ. հոկտեմբերի 1-ից: Կազմակերպությունը Ռուսաստանում աշխատում է 1992-ից: Այդ ընթացքում այն ավելի քան 2.6 մլրդ դոլարի ներդրումներ է կատարել Ռուսաստանի առողջապահության, արդարադատության և տեղական ինքնակառավարման ոլորտներում:










































