Հունաստանում այսօր գործադուլ են անցկացնում մետրոպոլիտենի և տրամվայի պարկի աշխատակիցները, հյուրանոցների անձնակազմը, դեղագործները, բժիշկները, դատավորները և մի շարք բուհերի դասախոսներ: Նրանք իրենց բողոքն են հայտնում Հունաստանի կառավարության՝ աշխատավարձերը կրճատելու նոր ծրագրի դեմ, որը պետք է իրականացվի միջազգային վարկատուների հետ համաձայնագրի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Աթենքում 24-ժամյա գործադուլ են անցկացնում տրամվայի և մետրոպոլիտենի աշխատակցները՝ բողոքելով աշխատավարձերի և կեսաթոշակների կրճատման, ինչպես նաև երթևեկության գինը 2013 թ. 25%-ով բարձրացնելու դեմ:
Մեկօրյա գործադուլ են անցկացնում հյուրանոցների և հասարակական սննդի վայրերի աշխատակիցները՝ բողոքելով սպասվող կոշտ տնտեսական միջոցառումների դեմ և պահանջելով համատեղ աշխատանքային պայմանագրեր կնքել՝ առանց գործակիցների կրճատման:
Մինչև ամսվա վերջ իրենց գործադուլը երկարաձգել են դեղագործները և պետական հիվանդանոցների աշխատակիցները: Բազմօրյա գործադուլներ են անցկացնում դատավորները և բուհերի դասախոսները:
Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա պետական և մասնավոր սեկտորի խոշոր արհմիությունների ցույցը: Նրանք կարծում են, որ սպասվող միջոցառումները աղետի կվերածվեն բնակչության համար:
Հունաստանի կառավարությունն այս պահին մշակում է 2013-2014 թթ. մոտ 12 մլրդ եվրոյի կոշտ միջոցառումների նախագիծը, որը համարվում է միջազգային վարկատուների «եռյակի» պայմանը՝ 31.5 մլրդ եվրո տրանշը փոխանցելու համար:








































