Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական մեծ համերգով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի PR մենեջեր Լուսինե Մնացականյանը:
Ելույթ կունենան նաև Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան), «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սարինա Ավթանդիլյան):
Ծրագրում կհնչի Դմիտրի Շոստակովիչի ջութակի կոնցերտ թիվ 1-ը, Վաչե Շառաֆյանի Լակրիմոսա ջութակի, երգչախմբի, սոպրանոյի և նվագախմբի համար ստեղծագործությունը:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու նաև Ֆերենց Լիստի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը, Գլազունովի Ջութակի կոնցերտը, Գրիգի «Պիեռ Գյունտ» սյուիտը:
Համերգի մենակատարներն են Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Պոլինա Լեշչենկոն (դաշնամուր, Բելգիա), Բորիս Բրովցին (ջութակ, Մեծ Բրիտանիա), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո, Հայաստան)
Համերգի դիրիժորներն են Էդուարդ Թոփչյանը, Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա):
Համերգի սկիզբը՝ ժ. 19.00-ին:








































