«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերը որոշակի դժգոհություններ ունի գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանից և պատրաստվում է նրան ազատել զբաղեցրած պաշտոնից: Ավելին, երեկ թերթն հայտնի դարձավ, որ արդեն ազատել է:
Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, վերադասի դժգոհությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Քեշիշյանը, Հանրային հեոուստաընկերությունում սովոր լինելով աշխատել պետական բյուջեից ստացվող գումարներով, չի կարողանում ֆինանսական բավարար մուտքեր ապահովել «Արմենիա»-ի համար: Երեկ թերթի թղթակցին չհաջողվեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Հրաչ Քեշիշյանից, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունից փոխանցեցին, որ գործադիր տնօրենը շարունակում է մնալ Քեշիշյանը, միաժամանակ չհերքեցին հնարավոր պաշտոնանկության մասին լուրը` ասելով, թե ապագայի ծրագրերի մասին իրենք չեն խոսում:
Թերթը նկատում է, որ Հրաչ Քեշիշյանը «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն էր նշանակվել մոտավորապես երկու ամիս առաջ: Քեշիշյանին, «ՀԺ»-ի տեղեկություններով, փոխարինելու է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը, եթե, իհարկե, արդեն չի նշանակվել:









































