ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հրահանգել է սառեցնել լիբիական իշխանությունների ֆինանսական միջոցները, որոնց մոտավոր արժեքը 30 մլրդ դոլար է: Այս մասին տեղեկացնում է ABC News հեռուստաալիքը` հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությանը:
Արգելափակված միջոցները պատկանում են Լիբիայի կառավարությանը, Կենտրոնական բանկին, մի շարք ներդրումային կազմակերպությունների: Ինչ վերաբերում է Քադաֆիի անձնական միջոցներին, ապա նախարարությունն այդ հարցի շուրջ մեկնաբանություններ չի տվել:
Մինչդեռ երեկ հայտնի է դարձել, որ ամերիկյան ռազմածովային ուժերը զորաշարժ են սկսել Լիբիայի ծովային սահմանների շրջանում: Լիբիայի հյուսիսային սահմանների ուղղությամբ են շարժվել ԱՄՆ երկու ավիակիր, ինչպես նաև մի քանի այլ նավեր: Փորձագետները կարծում են, որ արևմուտքը խիստ անհանգստացած է Քադաֆիի այն հայտարարություններով, թե պատրաստ է կիրառել քիմիական զենք, ինչպես նաև վերացնել երկրի նավթարդյունաբերական ողջ համակարգը:
«Առաջին լրատվականը» երեկ նաև տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել էր լիբիական ընդդիմության հետ կապեր հաստատելու և վերջինիս օգնություն ցուցաբերելու փաստը:








































