Վրացական լրատվամիջոցների ամենագլխավոր իրադարձությունն այսօր Գլդանի բանտում արձանագրված բռնություններն ու բռնաբարություններն են: Լրատվամիջոցներում տարածվել են գաղտնի տեսագրություններ, որոնցում պարզ երևում է, թե ինչպես են բանտի աշխատակազմի ներկայացուցիչները ծեծի և բռնության ենթարկում բանտարկյալներին` նրանց նույնիսկ բռնաբարելով ռետինե մահակներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Վերջինս բազմիցս է Վրաստանում սեմինարների մասնակցել, որտեղ իր գործընկերներից հաճախ է լսել, որ այդ երկրում թեպետ կոռուպցիա չկա, բայց շատ են բռնությունները: Ըստ Ռևազյանի՝ մասնավորապես վրացի գործընկերները շեշտում էին ոստիկանության կողմից կատարվող բռնությունները:
Հարցին` ինչպե՞ս կարելի է վերահսկել Հայաստանի ՔԿՀ-ներում գրանցվող դեպքերը, պատասխանեց, որ հստակ չի կարող ասել` հայաստանյան բանտերում կա՞ն նման բռնություններ, թե՞ ոչ, որովհետև պետք է փաստեր ունենալ նման երևույթների մասին խոսելու համար:
Ըստ Ռ. Ռևազյանի՝ շատ բարդ է քրեակատարողական հիմնարկներում նման երևույթները բացահայտելը:
«Դատապարտյալներն ունեն չգրված օրենքներ` իրենք տիրող բռնությունների մասին չեն հայտնում: Բանտում առկա է այդ խնդիրը` դատապարտյալները շատ քիչ են խոսում բռնությունների մասին` լինեն աշխատակազմի, թե միջանձնային: Նման բովանդակությամբ ահազանգեր ևս չեն լինում»,- մեկնաբանեց Ռոբերտ Ռևազյանը:
Նա հիշեց, որ արագ արձագանքման խումբը տարիներ առաջ մի քանի բռնության դեպք էր բացահայտել հայաստանյան բանտերից մեկում, ուստի քանի որ այսօր բացահայտ փաստեր չկան, չի կարող ասել` այսօր այդ երևույթները ինչ ծավալների են հասել:
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող խմբի անդամը կարծիք հայտնեց, որ դիտորդական խմբի գործունեությունը որոշ չափով սահմանափակում է նման երևույթների տարածումը:









































