Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում հանդիպում է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Այսպիսի նախաձեռնությունը զարմանք է առաջացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան, հանուն բռնապետերի մերժման քաղաքականության, ներկայումս պայքար է մղում Բաշար Ասադի դեմ: Այս մասին գրում է ֆրանսիական Le Mond-ը:
Իլհամ Ալիևը ցինիկաբար ներում է շնորհում Բուդապեշտում ՆԱՏՕ-ի նախապատրաստական կուրսերի ժամանակ հայ սպային քնած վիճակում սպանած Ռամիլ Սաֆարովին: Նման պայմաններում Ֆրանսուա Օլանդը կարող էր և պետք է չեղյալ հայտարարեր այդ այցը՝ ի նշան հանրապետության արժեքների և հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների հանդեպ հարգանքի:
Անդրադառնալով հորից որդուն անցած իշխանության ձևին՝ ֆրանսիական պարբերականը հիշեցնում է, որ Ադրբեջանի տնտեսության զգալի մասը գտնվում է Ալիևների կլանի ձեռքերում: Մնացած ամեն ինչ պատկանում է Իլհամ Ալիևի կնոջ բարեկամներին՝ Փաշաևներին:
Ոչ ոք չի կասկածում, որ Օլանդն Ալիևի հետ կքննարկի սիրիական հակամարտության հարցը և դրա հետ կապված՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից կարևորություն ներկայացնող փոքրամասնությունների պաշտպանության հարցը:
Ամփոփելով՝ պարբերականը նշում է, որ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղը «վերադարձնելու» մասին կոչերը, մարդասպան Սաֆարովին ներում շնորհելը և նրա հասցեին գովեստներ անելը երկու բան են ապացուցում: Առաջին՝ Հայաստանն ու ԼՂՀ-ում բնակվող հայերը գտնվում են նույն վտանգավոր վիճակում, ինչ որ քրիստոնյաները Մերձավոր Արևելքում: Երկրորդ՝ ղարաբաղցի հայերն ապագա չեն ունենա, եթե մի օր հայտնվեն Ադրբեջանի իշխանության ներքո:










































