Անգլիական Բրիստոլ քաղաքի իշխանությունները շրջանառության մեջ են դնում սեփական արժույթ` բրիստոլյան ֆունտը` հուսալով, որ այդ կերպ կկարողանան խթանել տեղի տնտեսությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նոր արժույթը կճանաչվի տեղի փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից, որոնք համապատասխան համաձայնագիր են կնքել: Օգոստոսի վերջի տվյալներով` նոր արժույթին իրենց հավանությունը տված գործարարների թիվը եղել է 250: Ձեռնարկատերերը կկարողանան դրանով վճարել հարկերը: Քաղաքային խորհրդի վարչակազմը իր 17 հազար աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձի մի մասը ստանալ բրիստոլյան ֆունտով:
Նոր թղթադրամների վրա կպատկերվեն տեղի տեսարժան վայրերն ու Բրիստոլի հայտնի բնակիչները: Կեղծումներից զերծ պահելու համար թղթադրամները կունենան հատուկ պաշտպանություն:
Նախագծի հեռանկարները գնահատելու համար քաղաքային իշխանություները կոչ են արել մարդկանց համապատասխան կայքում գրանցել արժույթը փոխանակելու, աշխատավարձը նոր արժույթով ստանալու և վճարումները դրանով կատարելու ցանկություները:








































