Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Պուտինի ամբիցիաները ավելի լայն են և հեռահար` դառնալ Եվրամիության գլխավոր հովանավոր. Նիկոլ Փաշինյան. Blog

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը nikolpashinyan.com-ում գրել է.
Սեպտեմբերի 4-ից 7-ը Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում տեղի ունեցած տնտեսական ֆորումը օգտակար ստացվեց: Օգտակարությունն, ընդ որում, կոնկրետ էր:

Ֆորումին մասնակցում էին Ռուսաստանի, Եվրոպայի հասարակական-քաղաքական վերնախավի երկու հազար և ավելի ներկայացուցիչներ, և միջոցառումն ինձ օգնեց մեր տարածաշրջանին, մեր երկրին, մեր միջազգային դերակատարությանը, Ղարաբաղի հարցին նայել Եվրամիության և Ռուսաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների աչքերով և հասկանալ, որ Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ խոսելիս պետք է խորությամբ գիտակցել, թե ինչու են նրանք շահագրգիռ մեր տարածաշրջանի հետ կապված հարցերում, այս պահին կոնկրետ ի՞նչ են ակնկալում տարածաշրջանից և Հայաստանից, ինչն է նրանց հետաքրքիր և ինչը հետաքրքիր չէ, ինչպես են ընկալում մեր ասածներն ու փաստարկները:

Առանց այսօրինակ պատկերացման Հայաստանը կարող է հայտնվել ոչ ադեկվատ դիրքում, այնպիսի մեկի վիճակում, որին հրավիրել են ծննդյան խնջույքի, իսկ նա կենաց է ասում՝ «Երջանկություն նորապսակներին» թեմայով: Դա նշանակում է, որ այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում: Կրինիցայում որևէ նոր բան, իհարկե, չհայտնաբերեցի: Այն ինչ պիտի գրեմ, ընդհանուր գծերով հայտնի է վաղուց: Բայց մի քանի նրբերանգներ արձանագրելը, կարծում եմ չի խանգարի:
Լիսաբոնից Վլադիվաստոկ

Ռուսաստանը, որ թվում է Խորհրդային Միության փլուզումից հետո, համակերպվել էր համաշխարհային գերտերության կարգավիճակի կորստին, Վլադիմիր Պուտինի պաշտոնավարության շրջանում ակտիվորեն աշխատում է երբեմնի այդ դերը վերականգնելու համար: Մոսկվան այս ուղղությամբ անում է կոնկրետ քայլեր, որոնց հեռահար նպատակը ԱՄՆ-ի և Չինաստանի արանքում Եվրասիական ռազմաքաղաքական նոր բլոկի ստեղծումն է՝ Ռուսաստանի առաջնորդությամբ: Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հիմա արդեն բարձրաձայնում են, որ աշխարհքաղաքական այդ դաշինքը պետք է տարածվի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ և դառնա փրկարար կառույց Եվրամիության համար, որը տնտեսապես սկսել է զիջել ոչ միայն ԱՄՆ-ին և Չինաստանին, այլև Հնդկաստանին ու Բրազիլիային: Ռուսաստանը, այսպիսով, իր առանցքի շուրջ մտադիր է ուժի մի նոր բևեռ հիմնել, որը որոշիչ նշանակություն կունենա աշխարհակարգի ընթացիկ կանոնները սահմանելիս և ի զորու կլինի լուծել ցանկացած հարց, աշխարհի ցանկացած մասում: Մինչ շատերը խոսում են Խորհրդային Միությունը վերականգնելու՝ Վլադիմիր Պուտինի ցանկության մասին, նրա ամբիցիաները ավելի լայն են և հեռահար. դառնալ ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Ավստրալիայի առաջ իրեն ավելի ու ավելի անպաշտպան զգացող Եվրամիության գլխավոր հովանավոր, թեկուզ ի հեճուկս վերջինիս ցանկության:
Ինչպե՞ս է սակայն հնարավոր իրագործել ամբիցիոզ ու անհավանական այս ծրագիրը, ինչպե՞ս է դա պատկերացնում Ռուսաստանի քաղաքական էլիտան: Կրինիցայում Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթները ակնհայտ էին դարձնում, որ Մոսկվայում այս ծրագրի իրագործման հիմնական գործիքը համարում են բնական գազը: 2006-07 թվականների գազային ճգնաժամի ընթացքում Ռուսաստանը ցույց տվեց, որ կարող է ուղղակի բռնել-դադարեցնել Եվրոպայի գազամատակարարումը, և մի քանի օրով կիրառեց այդ սպառնալիքը: Սա կատարյալ խուճապ առաջացրեց Եվրոպայում: Այդ ժամանակներից ահա, գազային լծակը հիմնականն է Ռուսաստանի եվրասիական քաղաքականութան համար: Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է, որովհետև Ռուսաստանը, ճիշտ է, տիրապետում է գազի համաշխարհային պաշարների 1/4-ին, բայց գազ ունեն ուրիշները նույնպես, և եթե Եվրոպան սկսի գազ գնել ուրիշներից, Ռուսաստանի ծրագիրը ըստ էության կտապալվի կատարելապես: և ուրեմն, աշխարհքաղաքական ամբիցիաներն իրացնելու համար Մոսկվան խնդիր ունի պահպանել Եվրոպայի բնական գազի կարիքները հոգացողի հիմնական, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների դեպքում՝ գրեթե մոնոպոլ կարգավիճակը: Այս ծրագիրը նույնպես իրագործելի է, որովհետև գազի համաշխարհային պաշարներով երկրորդ տեղը զբաղեցնող Իրանը գազամուղ չունի դեպի Եվրոպա: Նույնը ըստ էության վերաբերվում է Ադրբեջանին և Թուրքմենիային: Այսինքն, Արևելքից-Արևմուտք գազի մատակարարման մենաշնորհը Ռուսաստանինն է: Իսկ Արևմուտքում, Աֆրիկայի հյուսիսում չկան գազային այնպիսի պաշարներ, որ կարող են բավարարել Եվրոպայի ողջ պահանջարկը:

գազից քշվածները

Տնտեսական ճգնաժամն, ահա, այսօր Եվրոպայի քաղաքական, տնտեսական վերնախավին հուզող թիվ 1 պրոբլեմը չէ: Դա ակնհայտ դարձավ Կրինիցայում, որովհետև ցանկացած թեմայով քննարկում, ի վերջո հանգում էր էներգետիկային: Եվրոպայում էլեկտրական էներգիայի պահանջարկը աճում է գլխապտույտ տեմպերով. ֆորումի մասնակիցներից մեկը էներգետիկ պահանջարկի աճի մի շշմեցնող օրինակ բարձրաձայնեց: Եվրոպայում մեկ րոպեի ընթացքում առաքվող sms հաղորդագրությունների թիվը մոտենում է 180 հազարի (օրը մոտավորապես՝ 200-250 միլիոն), և սա իր հերթին բերում է հսկայական էներգետիկ պահանջարկ, որովհետև էներգիա սպառվում է ոչ միայն բջջային հեռախոսները լիցքավորելու, այլև առաքվող sms-ները տեղ հասցնող կայանների ծանրաբեռնվածությունը սպասարկելու համար: Սա մի փոքր դետալ է, որ ցույց է տալիս նախկինում գոյություն չունեցած էներգետիկ պահանջարկի առաջացման կոնկրետ օրինակ: Մեծացող պահանջարկն, ըստ այդմ, մեծացնում է հասարակության գործունեության բոլոր ոլորտների կախվածությունը էներգետիկայից, ասել է, թե Եվրոպայի համախառն կախվածությունը առանցքային էներգակիրներից մեկի՝ գազի մատակարար Ռուսաստանից:

2007 թվականի տվյալներով Բուլղարիան, Ֆինլանդիան, Լիտվան, Սլովակիան պահանջվող բնական գազի 100 տոկոսը ներմուծում են Ռուսաստանից: Հունաստանը՝ 78 տոկոսը, Հունգարիան՝ 77, Չեխիան 75, Լեհաստանը` 67-68, Ռումինիան 55, Գերմանիան՝ ավելի քան 40, Իտալիան՝ ավելի քան 30, Ֆրանսիան մոտ 20 տոկոսը: Մինչ 2007 թվականը, երբ Ռուսաստանը մի քանի օրով փաստացի փակեց Եվրոպային գազ մատակարարող խողովակաշարերից մեկը, վերը նշված թվերը այլ իմաստ ունեին: Ներկայումս, սակայն, Ռուսաստանի ջանքերն ուղղված են Եվրոպայի գազային կախվածությունն իրենից՝ վերածել քաղաքական կախվածության: Սա հասկանում են Եվրոպայում և տագնապած են, և ուրեմն, էներգետիկ անվտանգությունն է Եվրոպայի թիվ 1 խնդիրը, որովհետև նույնանում է ազգային անվտանգության և ի վերջո՝ ինքնիշխանության խնդիրների հետ: Ձեռքբերել էներգետիկ անկախություն Ռուսաստանից, նշանակում է երաշխավորել քաղաքական անկախությունը. այսպիսին է եվրոպացիների և հատկապես դրա արևելյան հատվածի ընկալումը:

Խնդրի ռազմավարական լուծման երկու վեկտոր է որդեգրել Եվրոպան՝ տեխնոլոգիական և աշխարհքաղաքական: Տեխնոլոգիական վեկտորը վերաբերվում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների յուրացմանը: Այս ոլորտում արդեն իսկ առկա են լրջագույն հաջողություններ, բայց միևնույն ժամանակ, մոտ ապագայում, այլընտրանքային աղբյուրները չեն կարող դառնալ գազի փոխարինող, որովհետև արևի ջերմությունից, քամուց, ծովային հոսանքներից ստացվող էլեկտրական էներգիան միտված է միայն պահանջարկի նոր գոյացող մասը բավարարելուն, ինչն էլ դեռևս միշտ չէ, որ ստացվում է:

Ռուսաստանում հասկանում են, որ Եվրոպայի ռազմավարական խնդիրը գազից, տվյալ դեպքում ռուսական գազից հրաժարվելն է: Եվ ուրեմն Վլադիմիր Պուտինը, Եվրոպայում էներգետիկ պահանջարկի աճի այս ժամանակահատվածը համարում է գազի լծակը գործի դնելու ամենահարմար պահը: Վաղն, ինչպես ասում են, կարող է ուշ լինել. Եվրոպան կարող է ռուսական գազից կախված չլինել այնքան, որքան այսօր: և ուրեմն, հարկավոր է այդ կախվածությունն այսօր օգտագործել նրան հնազանդեցնելու համար: Ինչպես Ետխորհրդային տարածքում այնպես էլ Եվրոպայում ռուսական գազային քաղաքականության հիմնական իմաստը հետևյալն է. գա՞զ ես ուզում, եղիր հնազանդ, կամ առնվազն լոյալ: Այս մոտեցումը լայն ըմբռնում չի գտնում ԵՄ-ում և կատաղի դիմադրության է արժանանում հատկապես Արևելյան Եվրոպայում: Ի պատասխան սրա, բոլոր հնարավոր և անհնար առիթներով «Գազպրոմը» թանկացնում է գազի գինը, զուգահեռ հասկացնելով, որ այս գործընթացը կարող է շարունակվել անդադար:

Այսրկովկասից Եվրոպա

Եվրոպայի համար լուծումն ակնհայտ է. գտնել գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ: Դեպի Եվրոպա գազ արտահանելու պոտենցիալ ունեցող երկրների թիվն էլ մեծ չէ. Թուրքմենստան, Ադրբեջան, Իրան: Ներկայումս ադրբեջանական և թուրքմենական գազը հասնում է Եվրոպա, բայց Ադրբեջանն ու Թուրքմենիան Եվրոպային գազ չեն վաճառում: Վաճառում են Ռուսաստանին, վերջինս էլ վերավաճառում է Եվրոպային: Եթե Եվրոպան հնարավորություն ունենա գազ գնել ուղիղ Թուրքմենստանից և Ադրբեջանից, դա կփոխի աշխարհքաղաքական վիճակը: Հենց այս համատեքստում դեռ տարիներ առաջ ի հայտ եկավ «Նաբուկո» ծրագիրը: Ըստ պլանավորվածի Կասպից ծովի ընդերքով կառուցվելիք խողովակաշարով Թուրքմենական գազը պետք է հասներ Ադրբեջան, հետո Վրաստանով Եվրոպա, իր հետ տանելով նաև ադրբեջանական գազը: Հեռանկարում, բարենպաստ պայմանների առկայության դեպքում, այս խողովակաշարով կարող էր Եվրոպա հոսել նաև իրանական գազը, հետագայում նաև Քաթարի գազը: Նման խողովակաշարի առկայության դեպքում Եվրոպան կարող է նույնիսկ հրաժարվել ռուսական գազից, չունենալ դրա կարիքն ընդհանրապես, որովհետև Թուրքմենստանի, Իրանի, Ադրբեջանի, Քաթարի գազի համախառն պաշարներն շատ ավելին են, քան Ռուսաստանինը:

Ինչ վերաբերում է նման խողովակաշարի երթուղուն, դրա համար Հարավային Կովկասը որևէ այլընտրանք չունի, այսինքն աշխարհագրական և աշխարհքաղաքական միակ գոտին է, որ կարող է գազի տարանցման ճանապարհ դառնալ Եվրոպայի համար: Ավելի Հյուսիս՝ Ռուսաստանն է, որ հասկանալիորեն չի կարող դիտարկվել, իսկ Հարավում գտնվող Իրանը, որ տեսականորեն նույնպես կարող է տարանցման երկիր դառնալ, Եվրոպայի համար նույնպիսի սպառնալիք է կրում, ինչպիսին Ռուսաստանն է: Իրանը մեծ և ամբիցիոզ երկիր է, և անհրաժեշտության դեպքում չի խորշի գործի դնել գազային ազդեցության լծակը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին կամ Թուրքմենստանին, դժվար թե այս երկրներից մեկը երբևէ փորձի խողովակաշարը փակելու սպառնալիքի տակ Եվրոպայի հետ հարցեր լուծել: Հարավային Կովկասի երկրները ԵԽ-ի, Արևելյան գործընկերության անդամներ են, և Եվրոպայի հետ ինտեգրումը հռչակել են իրենց արտաքին քաղաքական կարևոր գերակայություն:

Վերադառնալով Ռուսաստանին, ընդգծենք. հանուն Եվրասիական գերտերության վերականգնման նա չի կարող թույլ տալ, որ Հարավային Կովկասը դառնա դեպի Եվրոպա գազի տարանցման գոտի, որովհետև դա կնշանակի, որ ՌԴ-ն կորցնում է Եվրոպայի, այսպիսով նաև աշխարհի վրա իր ունեցած կարևորագույն լծակներից մեկը, գազային լծակը:

հայացք Կրինիցայից

Իսկ ինչու Եվրոպան չի կառուցում Հարավային Կովկասով անցնող խողովակաշար: Պատճառը տարածաշրջանային կոնֆլիկտներն են, որոնք կարող են պայթել ցանկացած պահի: Երբ Եվրոպան ակտիվորեն փորձում էր իրականացնել «Նաբուկո» ծրագիրը, հանկարծ մահացավ Թուրքմենիայի նախագահ Թուրքմենբաշին, հետո պայթեց վրաց-ռուսական պատերազմը: Հիմա արդեն «Նաբուկոյի» հին երթուղին, որ անցնում է Վրաստանով, առավել քան անհուսալի է դարձել, որովհետև այդ երթուղու անմիջական հարևանությամբ է գտնվում Հարավային Օսիան, որ կարող է ցանկացած պահի պայթել, եթե Ռուսաստանը տեսնի, որ իրեն ուզում են զրկել գազային մենաշնորհից: Հարավօսական կոնֆլիկտի մեջ Ռուսաստանը անմիջականորեն է ներգրավված, և ուրեմն անմիջականորեն կարող է միջոցներ ձեռնարկել գազամուղի կառուցման դեպքում: Այս պատճառով եվրոպացիք սկսել են մտածել առավել հարավային երթուղու մասին, Ռուսաստանի սահմանից հնարավորինս հեռու, բայց այստեղ էլ Ղարաբաղի կոնֆլիկտն է:

Հենց այստեղ է, որ ԼՂ հարցը ուղղակիորեն առնչվում է ԵՄ-ի կենսական շահերին, որովհետև եվրոպացու աչքերով կարգավորել ԼՂ հարցը նշանակում է վերացնել դեպի Եվրոպա ձգվող խողովակաշարի կառուցման մի մեծ խոչընդոտ: Այսինքն, եթե Ղարաբաղի հարցը մեզ համար պատմական արդարության վերականգնման, ազգերի ինքնորոշման խնդիր է, Եվրոպացու համար նման է մի քարի, որ ընկած է իր գազային, ասել է թե քաղաքական անկախության ճանապարհին:

Ըստ էության, այսպիսին է նաև Ղարաբաղի հարցի ռուսական ընկալումը: Նրանք համոզված են, որ քանի դեռ կա Ղարաբաղի կոնֆլիկտը, Ռուսաստանի գազային մենաշնորհը ապահովված է, որովհետև որևէ մեկը չի հանդգնի գազատար անցկացնել Հարավային Օսայի, ասել է թե Ռուսաստանի քթի տակով:

Այս համատեքստում է, որ Եվրոպան Հայաստանը սկսում է ավելի ու ավելի շատ ընկալել բացասական լույսի ներքո: Ավելի ահագնացող եվրոպական ընկալումների համաձայն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ոչ թե ինքնուրույն ազգային շահ է հետապնդում, այլ լինելով Ռուսաստանի հլու կամակատար, բոլոր միջոցներով խոչընդոտում է ԼՂ հարցի կարգավորմանը, որպեսզի Ռուսաստանը շարունակի պահպանել գազային մենաշնորհը:

Այս ընկալումը բոլորովին ուրիշ հարթություն է տեղափոխում Ղարաբաղի հարցը: Մեր պայքարը Ղարաբաղի համար, որ մենք ձևակերպում ենք որպես պայքար ազգային ինքնորոշման, այսինքն՝ ազատության համար, Եվրոպան ավելի ու ավելի շատ է ընկալում որպես Եվրոպայի և Հարավային Կովկասի անկախության ճանապարհին Ռուսաստանի հարուցած խոչընդոտ:

Հայաստանը այդ խոչընդոտի մարմնավորումն է, և կրակին յուղ է լցնում Ադրբեջանը, ում հռետորաբանությունը մի շատ կարևոր նրբություն է ձեռքբերել: Ադրբեջանցիներն ասում են, որ Ղարաբաղի կոնֆլիկտը հրահրել է Ռուսաստանը, թույլ չտալու համար, որ Ադրբեջանը դառնա իրապես անկախ պետություն: և այսօր Հայաստանը կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր չի անում, քանի որ Ռուսաստանը նրան թույլ չի տալիս դա անել: Եվրոպայում այս փաստարկը հաճույքով են լսում, որովհետև դա տալիս է կոնկրետ բացատրություն էներգետիկ ոլորտում իրենց ունեցած դժվարություններին:

Ադրբեջանն, ի դեպ, Արևմուտքում պոզիտիվ ընկալման մի կարևոր խաղաքարտ է ձեռքբերել. երբ Ռուսաստանը գազային լծակով փորձում էր ծնկի բերել Վրաստանին, Ադրբեջանը դարձավ Վրաստանի հիմնական գազամատակարարը, այսպիսով դառնալով նրա քաղաքական անկախության երաշխավորը Ռուսաստանից:

ամփոփում

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ շեշտադրումները, որոնցով Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հարցի կարգավորման համատեքստում, հասկանալի կամ ավելի ճիշտ հետաքրքիր չեն Եվրոպայի համար, որովհետև մենք գնում և սկսում բացատրել, թե ինչ կարող է կամ պետք է մեզ տա Եվրոպան, առանց բացատրելու, թե ինչ կարող ենք մենք առաջարկել Եվրոպային: Անընդհատ բացատրում ենք, թե ինչ պետք է անի Եվրոպան մեզ համար, բայց չենք ասում, թե ինչ ենք մենք պատրաստ անել Եվրոպայի համար: Եթե ուզում ենք Եվրոպան մեր պրոբլեմով հետաքրքրվի, պետք է մենք էլ հետաքրքրված լինենք Եվրոպայի պրոբլեմներով: ԵՄ-ի համար, մեր մեջ ասած, բացարձակապես միևնույն է, թե ինչպես կկարգավորվի Ղարաբաղի հարցը, նրա համար կարևոր է, որ այն որևէ ձևով կարգավորվի, որպեսզի Հարավային Կովկասը գազային տարանցիկ ուղու դերակատարումը կարողանա ստանձնել:
Սա և լավ է, և վատ: Լավ է, որովհետև Եվրոպան տեսականորեն դեմ չի լինի, եթե Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս, վատ է, որովհետև պատմական արդարությունն ու պատմությունը նրա համար փաստարկ չեն ամենևին: Փաստարկը իր այսօրվա ռազմավարական շահերն են: Իսկ մենք նրան իր ռազմավարական շահերի տեսանկյուինից չենք կարողանում բացատրել, թե ինչու է կարևոր Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշումը:

Ադրբեջանն իր ասելիքը տեղավորում է արևմտյան շահերի համատեքստում, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը հասկացել է խնդիրը և լուծել դա: Այս է պատճառը, որ Եվրախորհրդարանը Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ ընդունեց այդպիսի խայտառակ մի բանաձև, որովհետև Ադրբեջանը Եվրոպայի հիմնական հույսն է՝ էներգետիկ, ասել է, թե քաղաքական անկախության բնագավառում: Ադրբեջանն ասում է Եվրոպային, որ իրենք կռվում են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, ինչպես Վրաստանն է ոչ թե Հարավային Օսիայի դեմ կռվում, այլ Ռուսաստանի: Ադրբեջանն ասում է, որ հայերը չեն համաձայնի ԼՂ հարցի կարգավորման որևէ տարբերակի, քանի որ կարգավորման հաջորդ քայլը Ռուսաստանի գազային մենաշնորհի կորուստն է:

Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ Հարավային Օսիայի նման մի խամաճիկ, և Հարավային Կովկասում ուժեղացնել հայկական գործոնը, նշանակում է ուժեղացնել ռուսական գործոնը և դա ընկալվում է Եվրոպայում: Ադրբեջանը մերժում է Ռուսաստանին Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցով…

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը. ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 25 տարուց երկարացնում հասցնում ենք 49 տարվա: Իսկ ԱԺ աշնանային ընթացիկ նստաշրջանի առաջին իսկ եռօրյայի օրակարգ մտցվեց «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութան վավերացման հարցը: Արձանագրության վավերացմամբ, որը թերևս տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 1-ին, Հայաստանը կստանձնի պարտավորություն իր տարածքում չտեղադրել օտարերկրյա ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ՝ առանց ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համաձայնությունը ստանալու: Այսինքն, առանց Ռուսաստանի թույլտվության: Այս թեմայով առանձին հրապարակմամբ, իհարկե, հանդես կգամ. իսկ տվյալ խնդրի համատեքստում ասեմ միայն, որ Հայաստանն աշխարհում ավելի ու ավելի ընկալվում որպես ռուսական ֆորպոստ, հիմա արդեն՝ որպես Ռուսական գուբերնիա:

Որևէ մեկը ասվածը չփորձի մեկնաբանել որպես արևմտամետություն: Դեմ եմ արևմտամետությանը, որքան դեմ եմ ռուսամետությանը: Բայց մեր երկիրը բոլոր ձվերը դրել է մի զամբյուղի մեջ, ինքն իրեն պարտադրելով խայտառակ խոցելի վիճակ: Արևմուտքը Հարավային Օսիայից հետո ռեվանշի ծարավ ունի Հարավային Կովկասում, և Հայաստանն իր պատմական խասիաթի համաձայն, կարող է դառնալ այդ ռեվանշի զոհը: Այդ պատմական խասիաթն, ի դեպ, լավագույնս դրսևորվում է Սիրիայի հայ համայնքի դեպքում. արևմուտքի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբները կարծես հայերից սկսում են հանել ոչ միայն Բաշար ալ Ասադի, այլև Ռուսաստանի մուռը:

Լավ է, իհարկե, որ Հայաստանը լինի Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Բայց մի բան է ռազմավարական գործընկերը, ուրիշ բան ֆորպոստը, և բոլորովին ուրիշ բան աշխարհքաղաքական անարգանքի սյունին կապած քավության նոխազը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում