Հայ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում պետական պաշտոնները իրար պատիվ տալու տենդենցը շարունակվում է:
Հովիկ Աբրահամյանը, ով պետական մտածելակերպից բավական հեռու է, պետական պաշտոնը որպես սեփական ռեսուրս ընկալելու և օգտագործելու գիտակ է: Թերևս բավական է մի փոքր ուսումնասիրել ԱԺ նախագահի աշխատակազմը և տեսնել, թե ովքեր են այնտեղ աշխատում. «պատահական մարդ» համարյա չկա. Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի տղան է, խորհրդական Լևոն Մարտիրոսյանը՝ Արցախի Պարգև սրբազանի եղբոր տղան է, Գեորգի Մուրադյանը՝ ԱԳՆ հայտնի դիվանագետ Էդուարդ Մուրադյանի տղան է, Արմեն Ղասաբօղլյանը Լատվիայի նախկին պատվավոր հյուպատոսն է, Ալբերտ Հերոյանը՝ Արարատի նախկին մարզպետը և այլն: Այդպիսով՝ Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվողների թիվը հասել է յոթի: Բացի դա՝ նա առայժմ ունի նաև երեք օգնական և չորս ռեֆերենտ: ԱԺ նախագահի խորհրդականների թիվն առաջիկայում կավելանա ևս մեկով՝ Վրեժ Գասպարյանը կդառնա ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական:
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար, ներկա գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանին, ապա նրա պաշտոնանկության շուրջ խոսակցություններ սկսեցին ծավալվել այն պահից, երբ Սամվել Նիկոյանը, որը նշանակել էր Գասպարյանին այդ պաշտոնում, լքեց ԱԺ նախագահի աթոռը: Խոսակցություններն ավելի թեժացան, երբ պարզվեց, որ Վրեժ Գասպարյանն է գրել ԱԺ հասարակության հետ կապերի վարչության նախկին պետ, ԱԺ նախագահի ներկա մամուլի խոսնակ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի պրոտեժե Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու հիմնավորումը և դրա բողոքարկումն ու ծառայողական քննությունը արդյունք չտվեցին: Այնուհետև մամուլում սկսեցին տարբեր հոդվածներ շրջանառվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի դեմ: Վրեժ Գասպարյանի հետ երեկ խոսել չհաջողվեց. նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ակնհայտ է, սակայն, որ Հովիկ Աբրահամյանի որոշման վրա առավել ազդել է կուսակցական ընկերոջը, նախարարին պատիվ անելու մղումը, քան որևէ այլ բան: Հատկապես, որ այդ պատմություններն արդեն անցյալում են: Վրեժ Գասպարյանի պրոֆեսիոնալ կարողություններից բողոքելու առիթ Հովիկ Աբրահամյանը չի ունեցել: Իսկ երիտասարդ կադր Գուրգեն Դումանյանը հաստատ Վրեժ Գասպարյանից ավելի պրոֆեսիոնալ չի լինի:
Խնդիրն այն է, որ առողջապահության նախարարի որդուն նոր պաշտոն էր պետք: Մինչ այդ նա ղեկավարում էր Առողջապահության նախարարության ԾԻԳ-ը: Եթե Գուրգեն Դումանյանը մնար նախարարությունում, կստացվեր հայր ու որդի ղեկավարում են ողջ նախարարությունը՝ մեկը կառավարման մասով, մյուսը՝ բազմամիլիոնանոց միջազգային ծրագրերի իրականացման: Ուստի որոշվեց «Նիկոյանի կադրի» համարում ունեցող Վրեժ Գասպարյանին պաշտոնանկ անել, և այդ պաշտոնը վստահել երիտասարդ Գուրգեն Դումանյանին: Հո՞ անգործ չէր մնալու ՀՀԿ-ական նախարարի որդին: Այլ հարց է, թե ինչպես է իր հերթին Հովիկ Աբրահամյանի այդ լավության տակից դուրս գալու նախարար Դումանյանը:
Ի տարբերություն անկուսակցական Վրեժ Գասպարյանի, աշխատակազմի նորանշանակ ղեկավարը հանրապետական է: Ի դեպ, մի քանի ամիս առաջ «Ա1+»-ին տված հարցազրույցում՝ հարցին, թե հնարավոր է դառնաք հանրապետական, որ ավելի պաշտպանված լինենք, Վրեժ Գասպարյանն ասել էր. «Չեմ կարծում, որ այդ եղանակով պետք է ավելի պաշտպանված լինեմ: Պաշտպանված պետք է լինեմ իմ գիտելիքով, աշխատանքի որակով: Իսկ այս պաշտոնը, ես կարծում եմ, որ սխալ կլինի, որ կուսակցականացվի, որովհետև պաշտոնի բերումով ես առնչվում եմ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, հետևապես պետք է մաքսիմալ օբյեկտիվ աշխատեմ. պետությունը պետք է ներկայացնեմ, ոչ թե որևիցե կուսակցություն»:










































