Քաղաքական շրջանակներում մի քանի օր է լուրեր են շրջում այն մասին, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալու հայտարարությամբ: Նախօրեին, երբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից «Հայկական ժամանակ»-ը փորձեց ճշտել` որքանով են հիմնավոր սույն լուրերը, նա պատասխանեց. «Նման լուրեր տարածողները բացառապես այն մարդիկ են, ովքեր առաջնորդվում են ստերեոտիպերով: Նրանց կարծիքով, եթե 2008 թվականին առաջին նախագահը խոսել է իր առաջադրման մասին սեպտեմբերի 21-ին` ՀՀՇ-ի կողմից կազմակերպվող ավանդական ընդունելությանը, ուրեմն` նույն բանն էլ պետք է անի հիմա: Ես կառաջարկեմ իրենց` այդքան պրիմիտիվ ստերեոտիպերով երբեք չառաջնորդվել»:
Թերթի ճշտող հարցին` այսինքն, սեպտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանի կողմից որևէ հայտարարություն չի՞ լինելու, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Ես արդեն ասացի»: Հիշեցնենք, անցյալ տարվա մեծ ընդունելությունը տեղի ունեցավ«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ էլ, տասը տարվա լռությունից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հրապարակային ելույթով: Մինչ ՀՀՇ-ն կորոշի, թե ինչ է անելու սեպտեմբերի 21-ին, քաղաքական, լրագրողական և այլ շրջանակներ փորձում են կանխատեսել` արդյո՞ք առաջին նախագահը 2013-ի նախագահական ընտրություններին կառաջադրվի, իսկ եթե` ոչ, ապա ո՞վ կարող է լինել Հայ ազգային կոնգրեսի նախագահի թեկնածուն: Ի դեպ, մամուլում լուրեր կային այն մասին, որ անցած շաբաթ օրը Կոնգրեսը պետք է քննարկեր նախագահի թեկնածուի հարցը և որոշում կայացներ: Լևոն Զուրաբյանին «ՀԺ»-ն հարցրեց` այդ հանդիպումը կայացե՞լ է, և ինչ-որ բան որոշվե՞լ է, թե` ոչ: «Իսկ ո՞վ ասաց, որ նման քննարկում եղել է շաբաթ օրը: Ցավոք սրտի, մամուլը կամ նրա մի զգալի հատվածն ապրում է քաղաքական իրողությունից կտրված մի իրականության մեջ, որտեղ ինքը մոգոնում է ինչ-որ իրադարձություններ, ինքը քաղաքական գործիչներին վերագրում է ինչ-որ մտադրություններ, իսկ հետո չեղած, չկատարված կանխատեսումները մեկնաբանում է»,- պատասխանեց Զուրաբյանը: Իսկ ե՞րբ նման քննարկում կլինի` «ՀԺ»-ի հարցին Կոնգրեսի համակարգողը արձագանքեց. «Մինչև առաջադրումները կլինի»:
Թերթը նկատում է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների առաջադրումները սկսվում են դեկտեմբերի 24-ին: Այսինքն, քաղաքական ուժերին շատ քիչ ժամանակ է մնացել կոդմնորոշվելու, թե ով ինչպես և ինչ թեկնածուով է մասնակցելու գալիք համապետական ընտրություններին: Այնինչ, այս պահի դրությամբ, քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից երկուսը` Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստանը» դեռևս հստակ որոշումներ չունեն ու կարծես չեն էլ շտապում որոշում կայացնելու հարցում: Ի դեպ, Կոնգրեսում չեն որոշել նաև, թե երբ է կայանալու սեպտեմբերին նախատեսված հանրահավաքը: Հիշեցնենք, օրեր առաջ Կոնգրեսի համակարգողը վստահեցրել էր, որ այդ հանրահավաքն անպայման տեղի է ունենալու: Այս պահին կարող ենք արձանագրել ընդամենը, որ 2013 թվականին նախագահի թեկնածու են առաջադրվելու Սերժ Սարգսյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Դավիթ Սեդրակյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը թեև առաջադրվելու է, ինչպես վստահեցնում են «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում, բայց դրա մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա:











































