ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներն են եղել նախկինում արված հարցումների արդյունքում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը՝ անդրադառնալով գործիչների վարկանիշներին:
Նա նշեց, որ այս պահին հարցումների արդյունքներ չի կարող ներկայացնել, որովհետև հարցումներ չեն իրականացրել, բայց նախկինում արված հարցումների արդյունքում Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բարձր է եղել:
«Մենք հարցումներում հարցեր էինք առաջադրում, թե ո՞ւմ են վստահում: Որպես քաղաքական գործիչ՝ նրա նկատմամբ շատ բարձր վստահություն կա: Անձնական իմիջի հարց է, ժողովրդի կողմից ընդունելի տիպաժ է, շատերը նրան լավ են վերաբերվում, ընդունում են։ Դրական վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ երբեք ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, պաշտոնյա չի եղել, բայց բարերար, հարուստ մարդու իմիջ ունի: Ժողովրդի ծոցից դուրս եկած մարդու իմիջ ունի»,- մեկնաբանեց Գևորգ Պողոսյանը՝ եզրահանգելով, որ սա է նրա բարձր վարկանիշի հիմքում ընկած:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել էր, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է:








































