Արդեն մի քանի տարի անընդմեջ՝ ոչ մի ուսումնական հաստատություն երկրի վրա չի կարողանում համեմատվել Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի շրջկենտրոն Լակհնաու քաղաքում գտնվող մասնավոր դպրոցի հետ, որտեղ 2010-2011 ուսումնական տարում կրթություն է ստացել 39 հազար աշակերտ: Այդ ժամանակ այն հերթական անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով դպրոցի հիմնադիր Ջագդիշ Գանդիին:
Նրա խոսքով՝ այս տարի դպրոցում սովորում է ավելի քան 45 հազար աշակերտ: Դպրոցն առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել դեռևս 1999 թվականին՝ 22 հազար աշակերտով: Դպրոցն աչքի է ընկնում ոչ միայն աշակերտների թվով, այլև ուսուցման որակով:
Ուսումնական հաստատությունը բացվել է 1959 թվականին: Դրա համար Գանդին և նրա կինը՝ Բհարթին, ստիպված են եղել պարտքով գումար վերցնել: 300 ռուփիի չափով վարկը, արժույթի ներկա փոխարժեքով կազմում է 6 դոլար: Այն բավարար էր՝ 5 աշակերտ ընդունելու համար:
Ժամանակի ընթացքում կրթօջախը զարգացավ և 2002-ին արժանացավ UNESCO-ի հեղինակավոր կրթական մրցանակի, որին այդ ժամանակ դեռևս չէր արժանացել երկրագնդի վրա գտնվող և ոչ մի դպրոց:






































