Դամասկոսի իշխանությունները պատրաստվում են թունավոր գազ օգտագործել ապստամբների դեմ: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Der Spiegel պարբերականին:
Ըստ այդ տեղեկության՝ օգոստոսի վերջին Հալեպ քաղաքից արևելք գտնվող հետազոտական կենտրոնում կառավարական զորքերն իրականացրել են հրթիռային սարքերի փորձարկումներ, որոնք օգտագործվում են գազի նռնակների արձակման համար:
Ընդհանուր առմամբ, տանկերից և ինքնաթիռներից արձակվել է 5 կամ 6 գազով լցված նռնակ: Պարբերականի տվյալներով՝ գործողությունն իրականացնելու համար Սիրիային օգնելու նպատակով երկիր են ժամանել զինվորականներ Իրանից:
Ավելի վաղ, ըստ լիբանանյան Naharnet ռեսուրսի, Իրանի ռազմական ղեկավարությունը խոստովանել էր, որ հարևան երկրներ, այդ թվում՝ Սիրիա է ուղարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներին: Կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Մուհամմադ Ալի Ջաֆարիի խոսքերով՝ «որոշակի թվով» զինծառայողներ գտնվում են Լիբանանում և Սիրիայում: Գեներալը բացատրել է, որ Իրանի զինվորականներն այդ երկրներում գտնվում են որպես խորհրդականներ:
2012 թ. սեպտեմբերի 6-ին իրանական զինծառայողների՝ Սիրիայում գտնվելու մասին գրել էր բրիտանական The Daily Telegraph-ը: Վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայությունների տվյալները, թերթը հայտնում էր, որ Դամասկոսին նման օգնություն հատկացնելու որոշումը Թեհրանը կայացրել է 2012 թ. հուլիսին՝ Սիրիայի պաշտպանության նախարարի սպանությունից հետո:











































