Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, Ֆրանսիայում դատական հայց են ներկայացրել Closer հրատարակությունում սկանդալային լուսանկարների հայտնվելուց հետո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Փարիզի Նանտեր արվարձանի դատախազությանը, որտեղ էլ քննվելու է բողոքը:
Closer-ը բողոք-հայցում ուղղակի դերակատարում չունի: Հայցը երիտասարդ զույգի «անձնական կյանքի իրավունքի խախտման մասին» է: Սակայն հենց այդ հրատարակությունն է սեպտեմբերի 14-ին տարածել էքսքլյուզիվ լուսանկարները, որոնցում Ֆրանսիայի հարավում` հանգստի ժամանակ, երևում է Քեմբրիջի դքսուհին ՝ լողավազանի մոտ, բաց կրծքով: Այնուհետև լուսանկարները գնվել են այլ հրատարակություների կողմից:
Բրիտանացի զույգը մտադիր է հասնել մամուլում լուսանկարների հետագա զետեղման կոշտ արգելքի: Հայցը բավարարվելու դեպքում կառաջանա բարոյական փոխհատուցման տրամադրման հարցը:
Հրատարակությունը իր հերթին իր կայքում զետեղած հայտարարությունում ասում է, որ հրապարակված լուսանկարները չեն վիրավորում Քեյթ Միդլթոնի արժանապատվությունը: Դրանցում երիտասարդ զույգը երևում է արձակուրդները վայելելիս՝ գեղեցիկ, սիրահարված և ժամանակակից: Լուսանկարները հայտնվել են հրատարակության միայն ֆրանսիական տարբերակում: Ֆրանսիական օրենքները մասնավոր կյանքի պաշտպանության հարցում առավել կոշտ են, այնպես որ` զույգի շանսերը մեծ են՝ հասնելու ցանկալի վճռի:
Նշենք, որ սկզբում Closer փայլերես ամսագիրը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում, սակայն շուտով սկսել է լույս տեսնել նաև ֆրանսերենով: 2006 թվականին հրատարակությունը գնել է «Մոնդադորի» իտալական հրատարակչատունը, որի գլխավոր բաժնետերը Սիլվիո Բեռլուսկոնիի ընտանիքին պատկանող «Ֆինինվեստ» ֆինանսական հոլդինգն է:











































