Լիբանան այցի ընթացքում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հանդիպել է երկրի կրոնական և քաղաքական գործիչների, այդ թվում՝ «Հըզբոլլահի» ներկայացուցիչներին:
«Հըզբոլլահի» ներկայացուցիչը խորհրդարանում՝ Նավաֆ Մուսավին, հայտարարել է, որ Հռոմի պապի շատ պնդումներ համընկնում են «Հըզբոլլահի» ձգտումներին:
«Չափազանցություն չի լինել ասել, որ մեր մտադրությունները համընկնում են Պապի մտադրությունների հետ: Մենք ցանկանում ենք ապրել այնպիսի տարածաշրջանում, որտեղ տարբեր ժողովուրդներ ի վիճակի են հասկանալ միմյանց»,- MIGnews-ի փոխանցմամբ` ասել է Մուսավին:
Նա նաև հաղորդել է, որ «Հըզբոլլահը» աջակցում է քրիստոնյաներին` Մերձավոր Արևելքում իրենց տեղը զբաղեցնելու արդար պայքարում:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը խաղաղության և ժողովրդավարության կոչ է արել տարածաշրջանում: Նա դատապարտել է պատերազմները և անհանդուրժողականության ու բռնության ցանկացած դրսևորում, իսկ կրոնական ֆունդամենտալիզմը անվանել է մահացու վտանգ Մերձավոր Արևելքի համար:









































