Ոչնչացվել է «Թալիբան» շարժման 18 զինյալ, որոնք սեպտեմբերի 14-ին հարձակում էին իրականացրել Աֆղանստանի հարավում Քեմփ-Բեստիոն բրիտանական ռազմաօդային բազայի վրա: Այս մասին տեղեկացնում է Sky News հեռուստաալիքը՝ հավելելով, որ մեկ զինյալ գերի է վերցվել:
Զոհվել են նաև ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 2 զինծառայողներ, ևս 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հարձակման ժամանակ ծայրահեղականները օգտագործել են հրթիռներ, նռնականետներ ու այլ զինատեսակներ: Հարձակման գլխավոր պատճառը, ինչպես հայտարարել է դաշտային հրամանատարներից մեկը, եղել է բրիտանացի արքայազն Հարրին:
Sky News-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռը, որն այդտեղ է ժամանել անցած շաբաթ, գտնվում է Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի պաշտպանության տակ ու նրան ոչինչ չի սպառնում:
Անցած շաբաթ թալիբները հանդես էին եկել նրան առևանգելու, անգամ սպանելու հայտարարությամբ:











































