Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի թողարկման հետ, որը հարուցել է ողջ մուսուլմանական աշխարհի զայրույթը, քանի որ վիրավորում է Մուհամմեդ մարգարեին:
Ակցիան կազմակերպել է «Հարգանք մարգարեին պլատֆորմ» հասարակական կազմակերպությունը: Ակցիայի հազարավոր մասնակիցներ «զինված» են եղել «Մուհամմեդ մարգարեին վիրավորողներն անպատիժ չեն մնա», «Կյանքդ մի խնայիր հանուն մարգարեի, կորչիր Ամերիկա» և այլ պաստառներով:
Ակցիայի ժամանակ ցուցարարները հնչեցրել են հակաամերիկյան ու հակաիսրայելական մի շարք կարգախոսներ: Նրանք երթով շարժվել են դեպի Գալաթասարայ, իսկ ակցիայի ավարտին հայտարարություն են ընդունել: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշները:











































