ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնին խոստովանել է, որ ինչպես ամերիկացիների մեծամասնությունը, ինքն էլ սիրում է բուտերբրոդներ արախիսի ձեթով և ջեմով, ինչպես նաև շոկոլադի համով կաթ: Նրա կինն իր հերթին պատմել է, որ «իր փոքրիկ թուլությունը» փքաբլիթներն են:
Ամուսինները ուրբաթ ABC հեռուստաալիքի եթերում մասնակցել են շուուի, որը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 18-ին: Հաղորդավարները նրանց անձնական բնույթի հարցեր են տվել, որոնց զույգը պետք է արագ պատասխաներ:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, որը պայքարում է երկրի բարձրագույն ղեկավար պաշտոնի համար, մասնավորապես պատմել է, որ իր սիրելի դերասանը Ջին Հեքմենն է, և կցանկանար, որ հենց նա մարմնավորի իրեն իր մասին ֆիլմում: Ռոմնին կցանկանար, որ իր կնոջն էլ մարմնավորի հայտնի դերասանուհի Միշել Պֆայֆերը:
Էնն Ռոմնին, իր հերթին պատմել է իր կյանքում ամենաանհարմար իրավիճակի մասին, որում հայտնվել է: Մի քանի տարի առաջ, երբ իրենք Միթի հետ հյուրընկալվում էին Սպիտակ տանը, ինքը պատահաբար մի դուռ է բացել և… նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին բռնացրել է այն պահին, երբ նրան մերսում էին անում: «Ես այնպես էի ամաչում, որ երբ հաջորդ անգամ նրան տեսա, պարզապես չգիտեի՝ ուր թաքնվել: Իսկ նա ինձ գլխով արեց և ասաց. «Ես վատ տեսք չունեմ, այնպես չէ՞»,- պատմել է Ռոմնիի կինը:
Պատասխանելով այն հարցին՝ ինչ երկիրը չգիտի իր ամուսնու մասին, Էնն ասել է. «Նա բարի սիրտ ունի: Կարծում եմ՝ բոլորը չէ, որ դրա մասին գիտեն»:
Իսկ հարցին, թե հայտնի մարդկանցից ում հետ զույգը կցանկանար ընթրել, Միթը նշել է Նելսոն Մանդելայի անունը՝ նրան անվանելով «համաշխարհային հերոս»: Իր հերթին Էննը նախընտրել է ժամանակն անցկացնել Մայր Թերեզայի հետ:
Պարզվել է, որ նախկին նահանգապետի սիրելի հեռուստաշոուներից մեկը «Ամերիկյան ընտանիք» բազմասերիանոց ֆիլմն է ABC հեռուստաալիքի եթերում: Ի դեպ, այս հարցում նա կիսում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի նախասիրությունը: Բացի այդ, Ռոմնին պատմել է, որ հայտնի «Լողափ» (Jersey Shore) ռեալիթի շոուի մասնակից Սնուկիի երկրպագուն է:
Խոսելով կնոջ վատ սովորությունների մասին՝ Ռոմնին նշել է, որ նա հաճախակի չի փակում ատամի մածուկի տուփը:
Քաղաքագետների կարծիքով՝ այս հարցազրույցը նպատակ է ունեցել «մեղմացնել» Ռոմնիի կերպարը, նրան դարձնել ավելի մարդկային և ընտրողներին համոզել, որ նա անսիրտ միլիոնատեր չէ, որին օտար են հասարակ ամերիկացիների հոգսերը:







































