Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրիում մթնոլորտի փոփոխության սպասելիքներին՝ նորընտիր ավագանու անդամ, ՀՀԿ-ական Հրայր Կարապետյանն ընդգծում է, որ Գյումրիում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը կախված է ոչ միայն նորընտիր քաղաքապետից, այլև յուրաքանչյուր գյումրեցուց: Իսկ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ ընդգծում է, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում էր Գյումրիում փոխել մթնոլորտը, ապա նա դրա համար բազմաթիվ այլ գործիքներ ուներ և չպետք է սպասեր ՏԻՄ ընտրություններին: Գյումրու նորընտիր ավագանու անդամների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարելի է դիտել aravot.am կայքում: «Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:
Լևոն Բարսեղյան– Հիմա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կրավորական կեցվածք էր ընդունել, սպասենք, ընտրությունները գան` մեկին թողնենք առաջադրվի, մյուսին` ոչ, որպեսզի մթնոլորտ փոխվի: Սա արդարացի չէ, և ահագին մեծ սեթևեթանքի կշիռ ունի իր մեջ: Քաղաքական գործիչները, իմ կարծիքով, նման բան իրենց չպետք է թույլ տան: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին, ապա ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ինքը անտագոնիստ կամ հակառակորդ է ՀՀԿ-ին: ԲՀԿ-ի դիրքը, մանկական խաղերից քաղված բառով, միջուկի դիրք է: Ծանր կացության ժամանակ երբ կամենա՝ ԲՀԿ-ն կկարողանա որոշակի բաներ փորձել թելադրել: Օրինակ` այս դեպքում, երբ Ծառուկյանը համաձայնեց, որ Բալասանյանը լինի քաղաքապետացու և քաղաքապետ, բնականաբար` հաշվի նստեց Սերժ Սարգսյանի կամքի և ցանկության հետ: Ճիշտ է, կուսակցության ղեկավար էր, որը կարծես թե ահագին ձայներ ուներ, բայց զորավորը Բաղրամյան 26-ն էր, և ոչ ոք չի կարող այդ ատյանի հետ ճակատ ճակատի տալ և ասել` չէ, մեր կուսակցությունից ասենք թե` Մարտուն Գրիգորյանը պիտի լինի թեկնածուն: Այնպես որ, այս երկու կուսակցությունների միջև կոնֆլիկտ չկա, և ինչ էլ որ երևում է` այղ ամենը երբեմն ձևական է, երբեմն էլ երրորդ-չորրորղ կարգի խնդիրներ են:
«Առավոտ»– Այս ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ՀՀԿ համագործակցություն նկատվեց նաև այլ համայնքներում, մասնավորապես` Արթիկում և Սիսիանում: Արդյոք այս իրողությունը չի՞ հաստատում ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի այն պնդումը, թե այս ՏԻՄ ընտրությունները սկիզբն էին իշխանության միակուսակցական համակարգի տարրալուծման:
Հրայր Կարապետյան– Ես ինքս և մեր բոլոր կուսակցական ընկերները նման բան չենք նկատում: Այդ պարագայում կարելի էր ընդունել, որ եթե ԲՀԿ-ականները կամ նրանց հարող ավագանու թեկնածուները չեն ընտրվել, ուրեմն դա նրանց պարտությո՞ւնն է: Եվ պետք չէ դիտարկել, որ եթե ԲՀԿ անդամ թեկնածուն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, դա պարտություն էր Հանրապետական կուսակցության համար: Ես նաև ուզում եմ նշել, որ այս ՏԻՄ ընտրությունները էապես տարբերվում էին թե’ խորհրդարանական, թե’ նախագահական նախորդ ընտրություններից: Եթե նախորդ ընտրություններում գումար բաժանելը կարող էր դեր խաղալ, ապա այս ընտրություններում եթե խաղում էլ էր, ապա շատ քիչ: Բայց որ այդ ամենը մասսայական չի եղել՝ դա փաստ է:
«Առավոտ»– Պարոն Բարսեղյան, դա Ձեզ համար է՞լ է փաստ:
Լ. Բ.- Դա պարոն Կարապետյանի կարծիքն է:
Հ. Կ.– Բնականաբար` սա իմ կարծիքն է: Բացի այդ, չմոռանանք, որ Գյումրին սպեցիֆիկ է նրանով, որ այստեղ բարեկամա-ընկերական հարաբերությունները շատ ավելի զորավոր են: Այստեղ այդքան չեն կարևորվում մարդու արժանիքներն ու կրթական ցենզը, որքան հարազատներին ու ընկերներին չնեղացնելը: Բայց այս անգամ նույնիսկ այդ թաղային հեղինակությունների գործոնը և նաև գումարը դեր չունեցող, ելքի վրա չազդող էր:
Լ. Բ.– Դերի չափը դժվար է որոշել, դրա համար լուրջ հետազոտություններ են պետք, որոնքոչ արվել են, ոչ էլ կարվեն Հայաստանում: Ես ունեմ տեղեկություններ, որ փողի վրա թեկնածուի համարն են գրել-տվել, երկու, երեք, հինգ հազար դրամ, կիլոյով միս, գազի զեղչի կտրոններ են բաժանել: Նմանատիպ բազմաթիվ ահազանգեր ունենք: Եվ դրանց ազդեցության չափը դժվար է որոշել: Ես ներկայացնեմ որոշ թվեր, եթե բաժանենք ավագանու ստացած միջին քվեն տեղամասերի վրա, ապա ստացվում է 10-15 քվե: Եվ ահա երբ նայում ենք այդ տողը, տեսնում ենք, որ ավագանու թեկնածուն մի տեղ 7 քվե է ստացել, ապա՝ 23, 6, 15 ու մեկ էլ` 324 քվե: Այս ֆանտոմային քվեները խոսում են կա’մ բացարձակ թաղային գործոնի ազդեցության, կա’մ կաշառքի մասին: Եվ ահա այսպիսի փաստերի վերլուծությամբ չեմ հիշում, որ որևէ մեկը Հայաստանում զբաղված լինի: «Արմատ» ակումբը կարծեմ Աժ 15 տարի առաջվա ընտրությունների հիման վրա վերլուծել էր, բայց ավագանու մասով ոչ ոք չի խորացել:
Հ. Կ.– Ես նշեցի, որ այդ ամենը շատ քիչ է դեր խաղացել, և պնդում եմ. եթե շատ լուրջ դեր խաղացած լիներ, ապա` պարոն Բարսեղյանի և ինձ նման մարդիկ չէին հայտնվի ավագանու կազմում և այդպիսի ձայներ չէին հավաքի:










































