ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում կիսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լետն Զուրաբյանի առաջարկը, որ անհրաժեշտ է խնայողություններ անել: Ավելին` նա գտնում է, որ ԱԺ-ն շատ անիմաստ այլ ծախսեր էլ է անում, որոնք նույնպես պետք է կրճատել: Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ` «Ինչքան հիշում եմ` գոնե վերջին 5-6 տարվա ընթացքում այդ հարցը, որ պետք է ավելի էժանագին մեքենաներ գնել` Toyota Camry-ի փոխարեն, հա դնում են: Ոչ միայն ԱԺ-ի մեքենաների, այլև ընդհանրապես պետական համակարգի մեքենաների մասին են ասում: Իրենք` իշխանությունները, միշտ բերում են հակառակ փաստարկը, որ ավելի լավ է` թանկ գնենք, բայց սպասարկումը ավելի էժան լինի: Տեխնիկական հարցերն էին բերում: Հիմա ինձ դժվար է պատասխանել, թե որ մեքենան է լավ, բայց այն, որ պետական համակարգը չպետք է մեր բյուջեի հաշվին ուռճացված ծախսեր անի, վայելի, շքեղություններ անի` դա միանշանակ է: Խոսքը վերաբերում է և’ մեքենաներին, և’ աշխատասենյակների կահավորմանը, և’ անիմաստ գործուղումներին: Պետք է խիստ խնայողություն անել: Բոլոր քաղաքակիրթ եվրոպական երկրները ճգնաժամի տարիներին գնում են խիստ էկոնոմիայի ռեժիմով աշխատելուն: Իհարկե, այդպես պետք է անել: Ես էլ եմ տեսնում անթույլատրելի շքեղություններ»:
«Առավոտ»-ը ճշտեց` ո՞րն է Ձեզ համար անթույլատրելի շքեղություն, որ թույլ է տալիս իշխանությունը, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Անիմաստ գործուղումները շատ են: Պետք է նայել` ինչի են գնում, ուր են գնում»:
Թերթը հիշեցնում է, որ այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երբ Լևոն Զուրաբյանն ասել էր` պետք է գոտիները սեղմել, խնայողություններ անել, ավելի էժանագին մեքենաներ գնել խմբակցությունների համար` մեկնաբանել էր, որ ՀԱԿ-ը «քյասիբի հոգեբանություն ունի»:










































