Հալեպահայերը փորձում են ապահովություն գտնել Հալեպի «Վիլլաներ» թաղամասում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հալեպից հայտնեց Րաֆֆի Մերջանյանը, ով բնակվում է հենց Վիլլաներ թաղամասում:
Ըստ նրա՝ այս օրերին շարունակվում են բախումները և լարվածությունը Սիրիայի իշխանության և ազատբանակայինների միջև: Ուստի, հալեպահայի փաստմամբ, իրավիճակն այնքան է սրվել, որ հայերի մեծ հոսք կա դեպի Հալեպի «Վիլլաներ» թաղամաս, քանի որ այլ թաղամասերում անվտանգ չէ:
«Համարյա տարբեր թաղամասերից բոլոր հայերն իրենց բնակարանները լքել են և եկել այստեղ: Այս թաղամասում վիճակը փոքր-ինչ ապահով է: Թե ինչ կպատահի ապագայում` չգիտեմ»,- ասաց հալեպահայը:
Նա տեղեկացրեց, որ շատ հայեր ցամաքային ճանապարհով են որոշել տեղաշարժվել. նրանք գնացել են Թուրքիա, Լիբանան, նաև` Երևան:
Րաֆֆի Մերջանյանի խոսքով՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ երեկ երեկոյան մի քանի հայեր են զոհվել: «Եթե չեմ սխալվում` 4: Այս մասին շատ մանրամասներ չունեմ, չգիտեմ` ինչ և ինչպես է պատահել»,- հստակեցրեց Մերջանյանը:









































