Շաբաթն հարուստ չէր տնտեսական իրադարձություններով:
Գլխավորը թերևս այն էր, որ պարզվեց` գազի գինը այս տարի չի թանկանա: «Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով։ Նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ։ 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի։ Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի։ ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»,- ուրբաթ օրը հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Մյուս իրադարձությունը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Fortune Oil ընկերության ղեկավարության հանդիպումն էր, որից հետո ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որում նշվում էր, որ այս ընկերությունը Հայաստանի հանքարդյունաբերությունում ներդնելու է 500 միլիոն դոլար:
Ընկերությունը, որը Չինաստանում գործունեություն է ծավալել նավթագազային ենթակառուցվածքների ոլորտում, 2011թ. հունվարին հայտարարել էր, որ Bounty Resources Armenia ընկերությունից, որին են պատկանում երկաթի երեք հանքեր, 25 մլն դոլարով գնել է այդ ընկերության բաժնետոմսերի 35%-ը: Ընկերությունը ծրագրավորել է ավելացնել այդ մասնաբաժինը մինչև 50%` վճարելով դրա համար 16 մլն դոլար: Այդ հանքավայրերը գտնվում են Հրազդանում, Աբովյանում և Սվարանց գյուղում: Նախատեսվում է, որ ծրագրի իրագործումը կսկսվի 2014 թվականին:
Ուրբաթ օրը որոշ լրատվամիջոցների հարցազրույց տվեց ՀՀ վարչապետը: Նա հիմնականում կրկնեց այն մտքերն ու արտահայտությունները, որ արել էր նախկինում: «Մարդկանց համար առավել կարևոր է, որ երկրում գների կայունություն լինի, և մարդը դատում է արդյունքներով։ Այդ տեսակետից մենք արձանագրում ենք, որ ունենք խնդիր գնաճի հետ։ Վերջին 10-15 տարիներին գները ՀՀ-ում այսքան բարձր չեն եղել։ Մենք հայտնվել ենք բարձր գնաճային փուլում, որը 2011 թվականի համար մեզ համար լրջագույն մարտահրավեր է»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով, ամբողջ աշխարհում տեղի է ունենում սննդամթերքի գների աճ, և բնականաբար, Հայաստանը, լինելով ներմուծող երկիր, չի կարող իր վրա այդ ազդեցությունը չզգալ, որովհետև ներմուծվող ապրանքների գները նույնպես աճում են։ Ըստ Տ.Սարգսյանի՝ գնաճի երկրորդ գործոնը ներհանրապետական է, որը նույնպես խիստ բացասական է եղել 2010 թվականին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մենք ունեցել ենք աննախադեպ անկում գյուղատնտեսության ոլոտում՝ 13.5 տոկոս, ըստ որում՝ կան ճյուղեր, որտեղ անկումը մինչև 40 տոկոսի է հասնում։
Գյուղմթերքների գները 2010թ. բարձրացել են ՀՀ-ում, և մենք ունեցել ենք աննախադեպ բարձր գնաճ՝ 9.5 տոկոս։ «Հարևան Վրաստանում 2010թ. արձանագրվել է 11,2 տոկոս գնաճ։ Վրաստանում գները աճի ավելի արագ տեմպեր են ունեցել։ Գնաճի բարձր լինելը հայկական ֆենոմեն չէ»,- ասել է ՀՀ վարչապետը։











































