Այս տարի Եվրախորհրդարանի կողմից շնորհվող Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատություն» մրցանակի 5 թեկնածուների թվում են ռուսական Pussy Riot պանկ-խումբն ու բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ Pussy Riot-ի երեք աղջիկների անուններն են՝ Նադեժդա Տոլոկոննիկովա, Մարիա Ալյոխինա և Եկատերինա Սամուցևիչ, որոնք դատապարտվել են երկու տարվա ազատազրկման Փրկչի տաճարում «Աստվածամայր, փրկիր Պուտինից» պանկ-աղոթքի համար:
Հաղորդագրության մեջ Pussy Riot-ի ակցիան բնորոշվում է որպես «համարձակ ու վառ» քայլ:
Որոշումը, թե ով է դառնալու այս տարվա մրցանակի հաղթողը, կընդունվի հոկտեմբերին:
Ավելի վաղ մրցանակի հետմահու դափնեկիր էին դարձել արաբական մի շարք երկրներում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհված ակտիվիստները:










































