Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցության ասպեկտները և դրա ընդլայնման հեռանկարները: Հանդիպման ժամանակ ընդգծվել է տարբեր ոլորտներում ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը:
Լեֆորը հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է և զգալի դեր է խաղում այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Արևելյան գործընկերությունը» և «Եվրահարևանության քաղաքականությունը»: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մի շարք տարածաշրջանային հարցեր ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վիճակը:
Անդրադառնալով տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի գործին՝ Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանի համար այդ թեման «արդեն անցյալում» է, և Հայաստանի կողմից դրա վերստին առաջ քաշումը «ծառայում է քաղաքական նպատակների»:







































