6 չինական պարեկային նավ մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր` վիճելի Սենկակու (չինական անվանումը` Դյաոյուիդաո) կղզիների մոտ: Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Reuters-ը` հղում անելով ճապոնական առափանյա պաշտպանությանը:
Ճապոնական առափանյա պարեկային ծառությունից տեղեկացնում են, որ ճապոնական ջրերը լքելու հրամանին ենթարկվել են միայն այդ նավերից 2-ը, իսկ 4-ը շարունակել են մնալ այդտեղ, նրանց նկատմամբ ուժ չի գործադրվել:
«Սինխուա»գործակալությունը փոխանցում է` հղում անելով Չինաստանի գյուղատնտեսության նախարարությանը, որ չինական նավերը ձկնորսներին պաշտպանելու նպատակով կատարում են սովորական պարեկություն այն ջրերում, որը համարում են իրենցը:
Նախարարության տվյալներով` տարեկան ավելի քան 1000 չինական ձկնորսական նավ Դյաոյուիդաո կղզիների մոտ ձուկ է որսում` բռնելով մոտ 150 000 տոննա ձուկ:
Վիճելի կղզիների հարցում հակամարտությունը սրվեց օգոստոսին, երբ Ճապոնիայի իշխանություններն այնտեղ չինացի ակտիվիստների ձերբակալեցին:






































