Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, հայտնում է, որ եվրոպական մի շարք բանկեր շարունակում են համագործակցել իրանական ֆինանսական կազմակերպությունների և իշխանությունների հետ՝ չնայած սահմանված միջազգային պատժամիջոցներին:
Պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը, վերջին 1 տարում իրանական կողմի հետ 2.8 միլիարդ դոլարի ֆինանսական գործարքներ է իրականացրել: Թեհրանի հետ ֆինանսական հարաբերություններ պահպանել են նաև ֆրանսիական BNP Paribas-ը, իսպանական Banco Santander-ը, բրիտանական HSBС-ն և հոլանդական ING Groep NV-ը: Նրանցից շատերը Իրանի հետ առևտրային օպերացիաների ֆինանսավորման երկարաժամկետ պայմանագրեր ունեն:
Բանկիրները պարբերականին հայտնել են, որ իրենք նոր պայմանագրեր չեն կնքել իրանական իշխանությունների, ընկերությունների և ֆինանսական կառույցների հետ, ինչպես նաև փորձում են դադարեցնել արդեն իսկ գոյություն ունեցող կոմերցիոն հարաբերությունները, սակայն դա անելը հեշտ չէ:








































