Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը ենթադրաբար իրականացվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող մարդկանց կողմից: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ղեկավար Մայք Ռոջերսը:
Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչը, որը ցանկացել է գաղտնի մնալ, չի բացառել, որ հարձակումը հենց «Ալ-Քաիդա»-ի ձեռքի գործն է, սակայն ընդգծել է, որ դա միայն տարբերակներից մեկն է և ենթակա է ստուգման:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ հյուպատոսության վրա հարձակումը թվում է լավ ծրագրավորված և մտածված ակցիա, և ոչ թե տարերային բռնության գործողություն: Նա կարծիք է հայտնել, որ ահաբեկիչները պարզապես օգտվել են ընձեռված առիթից՝ որպես ահաբեկչության համար հարմար պահ:
Հիշեցնենք. ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունից հետո բողոքի ակցիաներ տեղի ունեցան մուսուլմանական մի շարք երկրներում։ Բենղազիում ակցիան ավարտվեց Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանությամբ:






































