«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հերքել է «Առաջին լրատվական»-ի այն տեղեկությունը, համաձայն որի` ԲՀԿ ղեկավարն էականորեն կրճատում է Հայաստանում գտնվող իր բիզնեսների ծավալները և արդեն իսկ հրահանգել է դադարեցնել Երևանի Կենտրոն համայնքում ծավալած շինարարական աշխատանքները, որպեսզի խոչընդոտի նախագահ Սերժ Սարգսյանի պլանավորած` տարեվերջյան 7 տոկոս տնտեսական աճին։
Հիշեցնենք, որ տեղեկատվության համաձայն` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող մի խումբ գործարարներ, այդ թվում` Գ. Ծառուկյանը, պլանավորել էին կրճատել կամ առժամանակ կասեցնել իենց պատկանող բիզնես-գործունեության ծավալները, որպեսզի Ս. Սարգսյանին ապացուցեն, որ առանց իրենց հնարավոր չէ տնտեսական աճ արձանագրել և ընտրություններում հաղթել: Նշված էր, որ շաբաթներ առաջ Գ. Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը նույնպես այդ նպատակով էր կանգնեցվել, իսկ այժմ աշխատում է ոչ նախկին հզորությամբ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, Գ. Ծառուկյանն առայժմ դադարեցրել է Կենտրոն համայնքում սկսած իր շինարարական գործունեությունը: Օրինակ` Խանջյան փողոցին հարող այգում կառուցվող հսկայական համալիրն առայժմ կիսավարտ վիճակում է: Այն սկսվել է կառուցվել տարիներ առաջ` այգու ծառերի հատման հաշվին, սակայն այժմ շինարարական աշխատանքները կասեցված են: Որոշ տեղեկությունների համաձայն` այն պատկանում է Գ. Ծառուկյանին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ԲՀԿ ղեկավարին է պատկանում նաև «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սկսված ու նորից կիսավարտ և առժամանակ չշարունակվող ինչ-որ կառույցի շինարարությունը: ԲՀԿ ղեկավարը այլ կառուցապատումներ է իրականացնում նաև այլ վայրերում, որոնք առայժմ կասեցված են:
Ի. Տոնոյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, թե շինարարական աշխատանքների հետ կապված հարցերը պետք է ճշտել «Մուլտի կոնցեռն»-ից, քանի որ այդ ընկերությունն է իրականացնում այդ շինարարական աշխատանքները: «Մուլտի Գրուպ»-ի սեփականատեր Սեդրակ Առուստամյանն էլ պատասխանելով հեռախոսազանգին` հայտնեց, թե այս պահին գտնվում է Ռիգայում, քննարկումների մեջ է և չի կարող խոսել:









































