«Տպավորությունն այնպիսին է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողով է եկել այս բարեբաստիկ լուրը «ռասկրուտկա» անելու: Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողով է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որն, ըստ էության, տրիվիալ հայտարարությունների կույտ է»,- երեկ անդրադառնալով Աժ-ում քննարկվող Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությանը, հայտարարել է Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ոչ միայն ՎՊ-ն, այլև Ի. Զաքարյանն է վերահսկվում:
Ի պատասխան այս դիտարկման` Ի. Զաքարյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Վերահսկիչ պալատն անկախ մարմին է, և ինքը չի կարող լինել վերահսկողության տակ: Այդպիսի բան աշխարհի ոչ մի պալատում, պրակտիկայում չկա: Երկրորդն էլ` Վերահսկիչ պալատն ինքն իր նյութերը տրամադրում է, և միակ տեղը, որ կարող է քննարկվել, վիճարկվել` դատարանն է: Մինչև այսօր` 4-5 տարվա մեջ չեմ հիշում դեպք, որ մեզ դատարան տված լինեն: Մեր բոլոր նյութերն ընդունում-ստորագրում են, հետո, չգիտես ինչի, անհասկանալի խոսում»:








































