«Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական մրցաշարում նախօրեին` Սոֆիայում Բուլղարիայի ընտրանուց 0-1 հաշվով կրած պարտության պատճառները դուրս են զուտ ֆուտբոլային շրջանակներից. մեր թիմը պարտվել էր դեռ հանդիպման մեկնարկից առաջ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և պարզաբանում.
«Հանդիպմանը ներկա էին Հայաստանից ժամանած մեծ թվով երիտասարդներ: Հանդիպման մեկնարկից առաջ նրանք Թուրքիայի նկատմամբ վրեժխնդրության («Նեմեսիս»), նաև Հունգարիայի վարչապետի հասցեին վիրավորական բովանդակությամբ պաստառներ բարձրացրին: Քանի որ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ արգելվում է քաղաքական, ռասիստական բովանդակությամբ պաստառներ և կոչեր, հանդիպման պաշտոնատար անձինք պահանջեցին հանել պաստառները և չքաղաքականացնել ֆուտբոլը: Երկար բանակցություններից հետո, ի վերջո, պաստառները հանվեցին, ու հանդիպումը մեկնարկեց: Բայց արդեն մեր թիմի դեմ վատ էին տրամադրված բոլորը` բուլղարացի ֆուտբոլասերները, պաշտոնյաները, տեսուչը, մրցավարները: Դեռ հանդիպումը չսկսած, մենք մեր դեմ լարեցինք բոլորին, ընկանք մեր փորած փոսը ու պարտվեցինք:
Ի դեպ, հայ «երկրպագուները» Սոֆիա էին մեկնել ավտոբուսով` Երևան-Բաթումի-Ստամբուլ-Սոֆիա երթուղով: Փաստորեն, նրանք Ստամբուլում «կորցրել էին» վրեժխնդիր լինելու իրենց շանսը»:








































