iPhone-ի հանրահայտ դիզայներ Ջոնաթան Այվը 10 մլն ֆունտով շքեղ առանձնատուն է ձեռք բերել Սան-Ֆրանցիսկոյում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Այս տեղեկությունը հերքում է այն շշուկները, թե դիզայները պատրաստվում է լքել Apple ընկերությունն ու Մեծ Բրիտանիա վերադառնալ:
Տունն ունի 6 ննջասենյակ, 8 սանհանգույց, այնտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաքի խորհրդանիշ հանդիսացող Golden Gate Bridge կամուրջ:
Տունը գտնվում է բլրի վրա, ունի 5 հարկ, բնակելի մակերեսը կազմում է 676 քառակուսի մետր: Այն ունի կաղնու փայտից պատրաստված գրադարան, բուխարի, հիանալի ինտերիերով ճաշասենյակ, գեղեցիկ այգի:
Լոնդոնի հյուսիսարևելյան Չինգֆորդ շրջանում ծնված 44-ամյա Այվը Apple-ի առաջատար մասնագետներից է: Դիզայների մասնագիտություն է ստացել Նորթումբրիայի համալսարանում, Apple-ին միացել է 1992 թվականին:








































