Հունգարական Origo.hu կայքի փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կուսակցության փակ նիստում խոստովանել է, որ իմացել է, որ տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Ադրբեջանում նրան վաղ թե ուշ ազատ են արձակելու: Այս մասին հայտնել են կառավարությանը և «Ֆիդես» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները:
Վերջիններիս համաձայն՝ Օրբանն այդ քայլից բխող ռիսկերի մասին բազմիցս նախազգուշացվել է իր կուսակիցների ու խորհրդականների կողմից, սակայն վարչապետը ցանկացել է ժեստ անել Ադրբեջանին՝ բյուջեի համար վարկային միջոցներ ներգրավելու համար:
Հանդիպման ընթացքում, որը վերածվել է թեժ վեճի, Օրբանը խոստովանել է, որ տեղյակ է եղել, որ Սաֆարովի արտահանձնումը հանգեցնելու է տհաճությունների, սակայն ակնկալել է, որ Սաֆարովի ներում ստանալը տեղի կունենա մի քանի ամիս անց և առողջական վիճակի պատճառաբանությամբ:










































