Այս տարվա առաջին կիսամյակում արտադրել ենք 84%-ով (ընդհանուրը՝ 5.3 մլն լիտր) ավելի կոնյակ, քան անցած տարի նույն ժամանակաշրջանում, և 20%-ով ավելի, քան նախաճգնաժամային շրջանում: Գինի արտադրվել է 2.2 մլն լիտր, որը 33%-ով ավելի է, քան անցած տարվա առաջին կիսամյակում, բայց 20%-ով ավելի պակաս, քան 2007 թ. առաջին կիսամյակում: Այս տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ըստ նրա՝ միաժամանակ 2 անգամ ավելի շատ օղի է ներմուծվել ՀՀ, իսկ գինի պակաս է ներմուծվել: Արտահանվել է երկու անգամ ավելի կոնյակ, գինու արտահանման ծավալները մնացել են նույնը: Ա.
Հարությունյանը նշեց, որ օղու հետ կապված այն դրական միտումը, որ վերջին հինգ տարում կար՝ նվազման և օգտագործման առումով, այս տարի արդեն փոխվում է, և ունենք 54% արտադրության աճ, որը 22%-ով պակաս է քան 2007–ին: Ընդ որում՝ այս կիսամյակում ՀՀ-ում սպառվել է 3.3 անգամ ավելի շատ օղի, քան անցած կիսամյակում, և մոտ 40% պակաս գինի: «Մենք վերադառնում ենք մեր արմատներին՝ դեպի օղին: Սա շատ վատ տենդենց է: Էժան օղու սպառման բարձրացումը խոսում է նաև բնակչության վատ վիճակի մասին»,- նկատեց Ա.Հարությունայնը:
Նրա խոսքերով՝ գինու որակը լավացել է, բայց սպառողները չեն նկատում դա, փոխարենը նկատում են արտահանողները, բայց ուշ է, քանի որ մինչև տարվա վերջ վրացական գինին կրկին կմտնի ռուսական շուկա:
Վրացիները պետական մակարդակով գրանցել են նաև «Վրաստանը՝ գինու օրրան» ապրանքանիշը, և մյուսներին արգելված է օգտագործել այդ բառակապակցությունը՝ առանց նշելու Վրաստան բառը:
Հայաստանի գինեգործների միությունը փորձել է ընդդիմանալ դատական կարգով, բայց հեղինակային իրավունքի մասնագետները շատ մեծ գումար են պահանջել, և ստիպված են եղել հրաժարվել ապրանքային նշանի գրանցումից:








































