ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, nr այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ չարտագաղթեն, անգամ այս ընթացքում առաջընթաց է նկատվում ամենաբարդ ոլորտներից մեկում` գյուղատնտեսությունում: Ըստ նրա` առողջապահության ոլորտում ևս ջանք չեն խնայում, որպեսզի ՀՀ քաղաքացու համար բուժօգնությունը մատչելի լինի:
– Պարոն Բաբլոյան, տեղեկություններ էին շրջանառվում, որ Ձեզ նշանակելու են առողջապահության նախարար: Ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ այդ նշանակումը չեղավ:
– Դրանք միայն խոսակցություններ էին:
– Ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի հետ: Հեշտ է աշխատել նախկին նախարար Հարություն Քուշկյանի՞, թե՞ Դումանյանի հետ:
– Ես երկու նախարարի հետ էլ շատ հանգիստ աշխատում եմ, որովհետև երկուսն էլ հանրային առողջապահական զարգացումն են առաջ տանում, երկուսի հետ էլ որևէ խնդիր չունեմ:
– Օրեցօր աճում է արտագաղթողների թիվը, մարդիկ լքում են երկիրը, քանի որ չունեն աշխատանք, սոցիալական ծայրահեղ ծանր վիճակ է: Ովքե՞ր են այս ամենի մեղավորները, ի՞նչ պետք է արվի, որպեսզի ՀՀ քաղաքացին երկրից չհեռանա:
– Նախ`ես ուզում ասել, որ եթե տեղյակ եք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրին, ապա այնտեղ պետք է գտնեիք դրույթներ, որոնք մեծ նշանակություն ունեն Ձեր հարցի կանխարգելմանը մի քանի առումով: Մի կողմից ջանքերն ուղղված են, և պետք է իրականացվեն միջոցառումներ, որոնք կբերեն աշխատատեղերի ընդլայնմանը, մյուս կողմից տեսնում եք` սոցիալական ոլորտում բավական մեծ ծրագրեր են նախատեսված: Այն, որ մարդիկ կարող էին առողջապահական խնդիրների, օրինակ` սրտի բարդ վիրահատությունների համար լքել երկիրը, ապա ամեն ինչ արվում է, որպեսզի անգամ այդպիսի բարդ վիրահատությունները լինեն ավելի մատչելի:
– Այժմ նախադրյալներ ստեղծվո՞ւմ են, որպեսզի արտագաղթողների թիվը չավելանա, քանի որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն են իրենց վրա այդ պարտավորությունը վերցրել, կնշե՞ք` մինչև այս ինչ է արվել այդ ամենի համար: Անգամ Աժ Ձեր գործընկերները Ձեր ներկայացրած ծրագրի իրագործմանը չհավատացին ու դեմ քվեարկեցին:
– Վերջերս շատ ցայտուն է, որ գյուղատնտեսությունն իսկապես նոր ու նոր արտադրական հզորություններ է բացում, սրանից լավ օրինակ ես չեմ կարող պատկերացնել: Ամենադժվար հատվածներից մեկը մեզ մոտ գյուղատնտեսությունն է, և, բարեբախտաբար, ամենադժվար ոլորտում մենք արդեն ունենք հաջողություններ:
– Նշեցիք, որ առողջապահության ոլորտում ևս նախատեսվում է անել այնպես, որպեսզի հասարակ քաղաքացին կարողանա «էժան» գներով իր հոգսերը հոգալ, բայց այսօրվա իրականությունն այլ է…
– Ոչ թե էժան լինի, այլ մատչելի, կարող է թանկ լինի, դա մեզանից կախված չէ, թանկությունը կախված է, թե մենք ինչ տեխնոլոգիա ենք օգտագործում: Ես բազմիցս ասել եմ` մենք ինչքան նոր ու նոր տեխնոլոգիաներ ենք օգտագործում, այնքան թանկանում են բուժումները: Դա մեզանից, ձեզանից կամ որևիցե մեկից կախված չէ, որովհետև կապված է, թե ինչ կոմպոնենտներ ենք օգտագործում: Մենք քայլ առ գնացել ենք նրան, որ տարբեր հիվանդանոցներում սրտի վիրահատությունը մատչելի է դարձել քաղաքացիների համար:
– Դուք նշում եք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի բուժօգնությունը մատչելի դարձնեք, սակայն Ձեզ պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնից ևս դժգոհություններ ենք ստանում` ոչ մատչելի լինելու համար…
– Բացառապես չեմ հավատում նրան, ինչ ասում եք. ընդհակառակը, բոլորն ասում են, որ «Արաբկիր»-ն այն եզակի օրինակներից մեկն է, որ եթե մարդուն տրված է իրավունք, ապա անվճար բուժում ստանա: Ուրեմ կխնդրեմ, որ Դուք լինեք ազնիվ և ես լինեմ ազնիվ, ներկայացրեք մի մարդու, որ կասի` այ, ինձանից փող են ուզել, ու մենք դրա շուրջ կխոսենք: Բացարձակապես Ձեզ հետ համաձայն չեմ, Դուք շատ լավ գիտեք, թե «Արաբկիր» բժշկական կենտրոնի համբավն ինչպիսին է, 16 տարի է` դեղ չեն ուզում ոչ մեկից: «Արաբկիր»-ը մարզերում մասնաճյուղեր ունի: Ես կտրականապես դեմ եմ նման հայտարարություններին, ես չեմ հավատում այդ տեղեկություններին:












































