Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի մեջ ազգությամբ հայ երիտասարդ կա՝ 1988 թ. ծնված Զարե Քարդաշյանը:
Երեկ Լիբանանից մի հայ ընտանիք է տեղափոխվել Հալեպ, որը ճանապարհին կրակահերթի է մեջ ընկել: Ընտանիքի մայրը վիրավորվել է, բայց նրա կյանքին ոչնչին չի սպառնում: Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ին հաստատել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։
«Առաջին լրատվական»-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաև ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից, ով ասաց ստացված նախնական տեղեկություններով այս լուրջը ճիշտ է:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ 40 մարդ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` հղում անելով պաշտոնական ԶԼՄ-ներին: Պայթյունը որոտացել է հիվանդանոցի և դպրոցի շենքերի մոտ, որտեղ տեղի բնակիչները թաքցնում էին ընդդիմադիրներին:
Այլ աղբյուրի`«Սուրիա» հեռուստաալիքի տվյալներով` ահաբեկիչները գործի են դրել ականապատված մեքենա: Այն պայթեցվել է քաղաքային մարզադաշտի և երկու`Ալ-Հայաթ, Ալ-Մարկազի հիվանդանոցների մոտ: Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:








































