Գյումրու թվով 79 ընտրատեղամասերի դռները, սահմանված կարգի համաձայն, 20:00-ին փակվեցին: Այս պահին ընթանում է ձայների հաշվարկման գործընթացը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է 45745 մարդ՝ ընտրողների 36.4 տոկոսը:
Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրությունները անցան լարված մթնոլորտում: Արձանագրվեցին մի շարք խախտումներ, որոնք սակայն տեղամասային հանձնաժողովների նախագահների խոսքերով՝ ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Ձայների հաշվարկման գործընթացը կշարունակվի ամբողջ գիշեր: Ինչպես «Առաջին լրատվական»-ի թղթակցին հայտնեց թիվ 34 ԸԸՀ նախագահ էդվարդ Բաղրամյանը նախնական տեղեկությունները հայտնի կդառնան լուսադեմին:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր 4 թեկնածու` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի գլխավոր ֆինանսիստ Հովսեփ Սիմոնյանը, գործարար Անդրանիկ Ավետիսյանը և երկար տարիներ Միացյալ Նահանգներում բնակված Սպարտակ Պետրոսյանը: Իսկ ավագանու անդամության 71 թեկնածու էր առաջադրվել: Նրանցից միայն 21-ը կլինեն նորընտիր ավագանու կազմում:











































