Եվրոգոտին ինչպես իր ներկայիս կազմը պահպանելու, այնպես էլ նրանից մի քանի երկրներ անջատվելու հավասար հնարավորություններ ունի, որի դեպքում Սլովակիան կցանկանար պահպանել եվրոպական արժույթը, կիրակի օրը հայտարարել է այդ երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:
Սլովակիայի կառավարության ղեկավարը նշել է, որ եվրոգոտու մի շարք անդամ երկրներ գուցե չկարողանան պահել իրենց տեղը և ստիպված կլինեն լքել խումբը, որպեսզի եվրոն ավելի ուժեղ և կայուն լինի:
Նրա խոսքերով՝ առաջին հերթին խոսքը Հունաստանի մասին է, սակայն դա վերաբերում է նաև այլ պետությունների:
«Եթե տեղի ունենա եվրոգոտու ոչնչացում, մենք կուզենայինք մնալ ուժեղների խմբում և պահպանել եվրոարժույթը»,- ասել է Ֆիցոն: Միաժամանակ Սլովակիայի վարչապետի կարծիքով՝ եվրոգոտու՝ ներկայիս կազմը պահպանելու հնարավորությունը 50/50 է:









































