Սիսիանի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանը և անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը, սակայն իրական պայքարն ընթանում է գործող քաղաքապետի և Տիգրան Պողոսյանի միջև:
Տիգրան Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև պաշտոնապես չի կարող հայտարարել ընտրախախտումների մասին, սակայն առավոտից ԲՀԿ-ականները մարդկանց ավտոմեքենաներով ընտրատեղամասեր են բերում: Ընդհանուր առմամբ Սիսիանում 12162 բնակչից ընտրությանը մասնակցել է 2000-ը, ինչն այս ժամի դրությամբ ցածր ցուցանիշ է: Տիգրան Պողոսյանի խոսքով՝ նախորդ ընտրություններին մոտ 8000 բնակիչ է ընտրություններին մասնակցություն ունեցել, ինչը նշանակում է, որ այս ժամի դրությամբ պասիվություն է արձանագրվում:
Հարցին՝ արդյոք նախկին թեկնածու Մհեր Ազոյանի ինքնաբացարկից հետո Տիգրան Պողոսյանի ընտրվելու հնարավորությունները մեծացել են, ՀՅԴ-ական թեկնածուն չբացառեց:
Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր 5 թեկնածու, նրանցից 2-ը` Մհեր Ազոյանը և Գևորգ Բագյանը ինքնաբացարկ են հայտնել:
Մհեր Ազոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին րոպեին ինքնաբացարկ հայտարարելու բուն նպատակն ընտրություններին արդյունավետ արդյունք գրանցելն է, սկզբում ինքն առաջարկել է Տիգրան Պողոսյանին դուրս գալ ընտրապայքարից, բայց այստեղ էլ ՀՅԴ կուսակցությունը չի համաձայնվել: Այսպես, նրա խոսքով, Տիգրան Պողոսյանի հաղթանակի հնարավորությունները մեծանում են:










































