Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը քիչ առաջ ահազանգեց, որ այսօր անցկացվող քաղաքապետի և ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից տեղեկություններ են ստացվել, համաձայն որոնց` ընտրողների անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը անհետանում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են սովորական թանաքով կնքել անձնագրերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ ընտրատեղամասերը բացվելուց հետո մի քանիսում իրոք արձանագրվել են թանաքի հետ կապված խնդիրներ:
«Մեր կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնարարվել է սովորական թանաք օգտագործել»,- ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը:
Հարցին` ինչո՞ւ համապատասխան աշխատանքներ չեն տարվել թանաքների օքսիդացման հարցը լուծելու համար, Հերմինե Հարությունյանը պատասխանեց. «Դրա շուրջ բազմաթիվ հրապարակումներ են եղել, հանձնաժողովի նախագահ պարոն Մուկուչյանը նույնպես իր տեսակետը ներկայացրել է: Ավելացնելու ոչինչ չունենք»:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում նույնպես դրոշմակնիքի թանաքի օքսիդացման զանգվածային դեպքեր էին արձանագրվել:











































