«Ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից»,- «168 ժամ»-ի հետ զրույցում երեկ ասել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե` «Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանն ու Տիգրան Սարգսյանը հստակ խնդիր ունեն` փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և, որ այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև` լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում»:
«Ես որևէ մեկնաբանություն չունեմ: Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ և երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք անել: Իսկ թե որտեղի՞ց է վերցրել Ուրիխանյանը նման մտքեր, դա արդեն իր խնդիրն է: Կարծում եմ, այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել, ու չգիտես ինչ-ինչ պատճառներով այդ միջադեպն իմ անվան հետ են կապում: Կրկնում եմ, որ ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ՝ բացասական տեսանկյունից»,- նշել է Բեգլարյանը: Ի պատասխան «168 ժամ»-ի դիտարկման, թե հայտարարության մեջ նաև ասված է, թե «այս ամենը ինչ-որ տեղ տրամաբանական է, քանի որ երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները», Բարսեղ Բեգլարյանն ընդգծել է. «Չգիտեմ` ո՞ր հոդվածի առիթով են հնչել նման մեկնաբանություններն ու ո՞վ է այս ամենի պատվիրատուն, բայց հավաստիացնում եմ, որ ես Գ. Ծառուկյանի հասցեին երբևէ վիրավորական կամ հերյուրանքի խոսքեր չեմ հնչեցնի: Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է, բայց, ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ դա իրենց չի հաջողվի»:
Երեկ այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև «Ֆլեշ» ՍՊԸ լրատվական ծառայությունը, որտեղ ասված էր. «Ինչ վերաբերում է երկրում վարկանիշ ունենալուն և բարեգործական գործունեությանը, Բարսեղ Բեգլարյանը երբևէ չի գովազդել իր արածը` չունենալով քաղաքական առաջընթացի նպատակներ, ինչպես ունեն շատերը, ինչի համար էլ ծախսում են գրոշներ և ի լուր աշխարհի կոկորդ պատռում: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուրը համարձակություն պիտի ունենա խոստովանելու երկրի տնտեսական ծանր վիճակի համար մեղքի իր բաժինը և հետո միայն քննադատի կեցվածք ընդունի»:
Երեկ երեկոյան այս մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը, որտեղ ասված էր. «Նմանատիպ հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն: Վերջին տարիներին վարչապետ Տիգրան Սարգսյանի և իր ընտանիքի հասցեին հնչել են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ և զրպարտություններ: Երիտասարդ գործչի խոսքերը այդ շարքին են պատկանում»:










































