Ամստերդամի իշխանությունները մտադիր են մինչև 2017 թվականը փակել Կարմիր լապտերների թաղամասում մնացած 400 հասարակաց տներից 100-ը, հայտնում է DutchNews-ը: Այսպիսով նրանք հույս ունեն պայքարել թաղամասում տիրող կազմակերպված հանցավորության դեմ, ինչպես նաև կրճատել մարդկանց առևտրի ծավալները, որի հետ, քաղաքի ղեկավարության կարծիքով, սերտորեն կապված է մարմնավաճառությունը:
Volkskrant-ը նշում է, որ 2007-ից ի վեր Ամստերդամում արդեն 100 հասարակաց տուն են փակել:
Սեպտեմբերի 5-ին Ամստերդամի քաղաքային խորհուրդը քվեարկել է Կարմիր լապտերների թաղամասի կյանքը կարգավորող օրենքում փոփոխություններ մտցնելու օգտին: Այդ փոփոխություններն իշխանություններին հնարավորություն կտան փակել այն հասարակաց տները, որոնց տերերն իրենց հետ չեն համագործակցում:
Բացի հասարակաց տները փակելուց` հանցավորության դեմ պայքարի ծրագիրը նաև ներառում է թմրանյութի թույլատրված վաճառքով զբաղվող խանութների (coffeeshop)և խաղային հաստատությունների քանակի կրճատում:










































